Նա ուզում էր ասել, թե չի կարող սիրել, ուզում է սառը ջուր ածել դիմացինի կրած տանջանքների վրա։ Ահա թե որքան դժբախտ է Շուշանիկը։ Բայց ինչու՞, մի՞թե Շուշանիկը երբևէ հանդգնել է կարծել, թե Սմբատ Ալիմյանը կարող է սիրել իրեն, «տանջվել, նույնիսկ զոհվել սիրո անունով»։ Նա ինքը և միայն ինքն է սիրել և սիրել է գաղտնի, երկյուղով։ Այժմ... նրան հասկացնում են, թե խաբված է։
— Ասացեք, ի՞նչ եք պահանջում ինձանից,— արտասանեց նա, ոտքի կանգնելով։
— Ազատեցեք եղբորս... Նա առանց ձեր սիրո չի կարող երկար ապրել։
— Ա՜հ, պարոն Սմբատ, առասպելներ մի՛ հնարեք,— գոչեց հանկարծ Շուշանիկն այնպիսի տոնով, որ դժվար էր իմանալ, ո՛րն է ավելի զորեղ նրա մեջ՝ ամոթի՞, թե՞ բարկության ձայնը։— Ձեր եղբոր համար աշխարհն ամայի չէ, որ իմ մասին մտածի... Նա երիտասարդ է, հարուստ, գեղեցիկ..․ իսկ ես ո՞վ եմ...
— Դուք նա եք, որի նման երկրորդը չկա մեր քաղաքում։ Դուք, երևի, ինքներդ չգիտեք՝ ո՛վ եք...
Շուշանիկը դողում էր տերևի պես։
— Ներեցեք, ես լսում եմ հորս աղաղակը.․․ Ներեցե՛ք, չեմ կարող այստեղ մնալ... Կտեսնեն... բավական է, որքան ծաղրեցիք ինձ...
Նա հեռացավ հաստատ քայլերով, գլուխը հպարտ բարձր պահած։
Սմբատը նայեց նրա հետևից։ Որքա՜ն հպարտ է այդ աղջիկը, որքա՜ն գաղտնապահ և որքա՜ն համեստ իր արժանավորությունների վերաբերմամբ։ «Ինչու՞ մի տասը տարի առաջ չպատահեցի մի այդպիսի աղջկա». անցավ Սմբատի մտքով։
VI
— Սիրելիս, այդ բոլորը դատարկ բաներ են։ Մեր ժամանակի ոգին քեզ վարակել է, այսպես ասած, մինչև ոսկորներիդ ծուծը։ Բայց մի՛ վախենար, բոլորը կանցնի։ Ո՞վ