Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/510

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Հետո վիշկա կդնենք, հոր կփորենք, ֆանտան կունենանք,— պատասխանեց Վարդանը ամենայն լրջությամբ։

— Լավ, քիչ խոսիր, դու երեխա ես, ոչինչ չգիտես։ Աշխարհը ես եմ տեսել, խորհուրդը դու ես տալիս։ Ես ձեռքիցս իմ ոսկի գործը բաց չեմ թողնի։ Ինչի՞ս է հարկավոր քո նավթը։ Որ փողոցները թափենք, և իմ ամառվա սպիտակ պանտալոնը այսպես սևացնի՞, թող, ի սեր աստծո՜։ Սպասիր, առաջիկա հունվարից մագազինը երկու անգամ մեծացնելու եմ, արդեն կողքի խանութն էլ վարձել եմ, շուտով կդատարկեմ։ Ցուցանակն էլ փոխելու եմ, այսուհետև պիտի լինի մեծ տառերով գրված Гастрономический магазин Сергея Маркича Аквердова и компании, և կոմպանի — հասկանո՞ւմ ես։

— Ո՞վ է լինելու քո կոմպանիան։

— Դու։

Վարդանը ուրախացավ, բայց ոչ այնքան, որչափ մորեղբայրն էր սպասում։

Նա մի քիչ մտածեց և ասաց․

— Շնորհակալ եմ, բայց ինչո՞ւ իմ անունն էլ չլինի ցուցանակի վրա։

— Շատ ես շտապում, տղաս, այդ լավ չէ։ Դու դեռ անչափահաս ես։ Օրենքով իրավունք չունես նոտարական պայմանագրություն ստորագրելու։ Սպասիր մի երեք, չորս տարի էլ։

Չորս տարի։ Այդ շատ երկար ժամանակամիջոց է, Վարդանը համբերել չի կարող։ Նա ուզում էր իր անունը խավարից դուրս բերել և լույս աշխարհ գցել։ Ժամանակը անցնում է, իսկ նա դեռ գործակատար, դա նվաստացուցիչ է, վիրավորական է։ Ի՞նչ կմտածեն Աբրահամ աղայի որդիները, որոնք Բաքու գալով, քաղաքի կենտրոնում մետաքսեղենի և այլ թանկարժեք կտորեղենի խանութ են բաց արել և իրենց անուն ու ազգանունով առևտուր են անում։ Իսկ նրա դպրոցական ընկերնե՞րը։ Մինասը գնացել է Էջմիածին և նոր բացված ճեմարան մտել․ ով գիտե վաղը նրանից ինչ դուրս կգա․ կարելի է մի մեծ մարդ, քիթը ծուռ Մկիչ Չախմախչյանը գնացել է Թիֆլիզ և զինվորական դպրոց մտել,