Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Կոնյա՛կ,— գոչեց Մոսիկոն։

Լեզգի սպասավորն իսկույն կատարեց հրամանը, բերելով մի ամբողջ շիշ։ Բոլորը դատարկերին մի-մի բաժակ, հետո երկրորդը, երրորդը և նրանց արյունն ավելի տաքացավ։

Այժմ Միքայելը տանում էր։ Տանում էին նաև Մոսիկոն ու Պապաշան։ Մյուսներից բախտը երես էր դարձրել։

Թղթերը շրջան անելով, անցան Մելքոն Ավրումյանի ձեռքը։ Նա մի սուր հայացք ձգեց հարևանի երեսը և գոչեց.

— Հազար ռուբլի։

Ոչ ոք մինչև այժմ առաջին թղթի վրա այդպիսի մի գումար չէր առաջարկել։ Հարևանը, որ վրացի իշխանն էր, կանգ առավ, նայեց Պապաշայի երեսին։ Փող էր խնդրում նախկին խոհարարից, բայց հայացքը պահանջողական էր, ծերունին գլուխը բացասաբար շարժեց, բավական է որքան տվել է, տվածն էլ հետ չի պահանջում։ Բոլորը նայեցին միմյանց երեսին։

— Գալիս է,— ասաց Մոսիկոն,— բռունցքը զարկելով սեղանին։

Նա տարավ իննանոցով «խփելով» ութանոցը։ Մելքոնը բերանից արձակեց մի կեղտոտ հիշոց թղթերի հասցեին` շպրտելով նրանց մի կողմ։ Բերեցին նոր թղթեր։ Այդ էլ չօգնեց. բախտն այդ գիշեր դավաճանում էր նրան։ Կատաղում էր, փրփրում, առանց մի որևէ առիթի սրա ու նրա հետ վիճում։ Առհասարակ հայտնի էր իր կռվասիրությամբ։ Նա գոռաց երաժիշտների վրա, որ շրջապատել էին սեղանը և ագահ աչքերով նայում էին հարյուրանոցների դեզերին։ Այլևս գրպանում փող չուներ, խաղում էր «կավիճով»։ Թղթերը նորից անցան նրա ձեռքը, նա կանգ առավ, մի քանի վայրկյան խորհեց, ձեռով ճակատը շփեց և գոչեց.

— Երեք հազար ռուբլի։

Այս անգամ Մոսիկոն էլ տատանվեց, չնայելով, որ շատ էր տարած։ Գումարը խոշոր էր։

— Գնացե՛ք,— խորհուրդ տվեց վրացի իշխանը Պապաշային։

— Հալա ըըը հարբած ըըը, չեմ, ըըը, նուշ չի...