— Պակասացրո՛ւ,— դարձավ Միքայելը Մելքոնին,— տեսնում ես չի գալիս, թուղթը դիմադրություն չի սիրում։
— Հինգ հազար ռուբլի,— ավելի տաքացավ Մելքոնը։
— Կոնյա՛կ,— աղաղակեց Մոսիկոն։
Բաժակը դատարկեց, ձեռը դրեց ճակատին և մտածեց մե քանի վայրկյան։ Հետո վերցրեց անկյունում դրած թղթերից մեկը, նայեց գույնին։ Նա գուշակում էր խաղի ելքը։ Թուղթը կարմիր էր, կարելի էր գնալ։
— Վեց հազար,— ավելացրեց Մելքոնը, որ բոլորովին գունատվել էր։
Սմբատն աչքերը հառել է Միքայելի երեսին։ Տեսնում էր, որ եղբայրը գրգռվում էր և այս անգամ հասկացավ նրան։ Նա ինքը ենթարկվել էր խաղի դիվային զորությանը։
— Յոթ հազար,— արտասանեց Մելքոնը և, անմիջապես պատասխան չստանալով, ավելացրեց,— վախկոտնե՜ր...
Միքայելի ինքնասիրությունը վիրավորվեց։
— Գալիս է,— ասաց նա և նայեց եղբոր երեսին։
Սմբատը ձևացավ անտարբեր։
— Կատակ չէ, խաղ է,— ասաց Մելքոնը։
— Խաղի մեջ կատակ անողներից չեմ` թուղթ տուր ինձ։
— Գումարը պայծառացրու սեղանի վրա, հետո կտամ թուղթ։
— Կարող ես հավատալ, վաղը կստանաս,— ասաց Միքայելը և նորից նայեց եղբոր երեսին:
Նորեն Սմբատն անտարբեր ձևացավ։
— Կհավատամ, եթե թուղթը վերցնե եղբայրդ։
— Ուրեմն դու ինձ շուլե՞ր ես համարում,— գոչեց Միքայելը, ձեռն ուժգին զարկելով սեղանին։
— Քա՜վ լիցի, ես միայն քո վարկաընդունակությանը չեմ հավատում։
— Ես սնանկ չեմ, պարոն...
— Սնանկանում են նրանք, որոնք ունեին մի ժամանակ։
Տիրեց վայրկենական ընդհանուր շփոթություն։ Սազանդարաները,