Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/92

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Լուցկի եմ ուզում,— գոռաց Մելքոնը, որի նախանձը շարժել էր Միքայելի նվերը երգչուհուն։— Մի փոքրիկ ֆեյերվերկ դիցուհու պատվին։

Դատարկ ափսեի վրա փաթաթել էր պսակի ձևով մի քանի թղթադրամներ և մեջը դրել երգչուհու լուսանկարը։ Պսակը վառեց լուցկով, և լուսանկարի շուրջը լուսավորվեց մանիշակագույն բոցով. թղթադրամները թրջված էին բենեդիկտինի մեջ։ Էֆեկտը բավական մեծ եղավ․ բոլորը ծափահարեցին, երաժշտությունը թնդաց — լուսանկարի հետևում անվնաս էին մնացել մի քանի հարյուրանոցներ։ Մելքոնը ծիածանագույն պսակը ներկայացրեց գեղարվեստին, այսինքն՝ գեղեցկուհուն։

— Էտո դիկո՛, նո оչեն օրիգինալնո, оչեն,— հիացավ երգչուհին, բարձրաձայն ծիծաղելով և հարյուրանոցները ձգելով քսակի մեջ։

Խորային երգչուհիները ագահ աչքերով դիտում էին տեսարանը և անզոր նախանձում պրիմադոննային։ Հանկարծ նրանք ծվացին ինչ-nր դուետ։ Պապաշան նրանց բաժակների մեջ ձգեց երկու-երկու ոսկի և հետո գաղտագողի համբուրեց նրանցից մեկի պարանոցը։

— Բրավո, Պապաշա, բրավիսիմո,— երգչուհին, որի արթուն աչքից ոչինչ չէր խուսափում։

Սեղանը քանի գնում այնքան խառնաշփոթվում էր։

Գրիշան բարկացած, երկու անգամ շամպանիայի բաժակը դատարկեց երաժիշտների վրա։ Նա կատաղած էր, որ երգչուհին զբաղված է Միքայելով ավելի, քան իրանով։ Մոսիկոն խորային երգչուհիների հետ կոպիտ կատակներ էր անում, երբեմն ուրախ տրամադրված ձիու պես խրխնջալով կծոտում էր նրանց ուսերը, շարժելով հնարյուն Պապաշայի նախանձը։ Մելքոնը շուտ-շուտ համբուրվում էր սրա ու նրա հետ, ինչպես գավառական արբշիռ թղթակից։ Քյազիմ-բեգը հաճախ մոտենում էր և համբուրում երգչուհու «եթերային ձեռիկը», տակավին չհամարձակվելով ավելի վեր բարձրանալ։ Իշխան Նիասամիձեն քայքայված տենորին տարավ դուրս և գլխին մի դույլ սառը ջուր թափեց, ասելով թե Թիֆլիսի կինտոներն այդպես են անում։ Լեզգի հյուրը, որ