Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/93

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի հաստապարանոց շիկահեր երիտասարդ էր, զբաղված էր մտքում խորային երզչուհիներին իրարու հետ համեմատելով, որն է ավելի լավ և ո՞րը... Հաշտարար դատավորի պաշտոնակատարը վերջին ճառն արտասանելիս այնքան ոգևորվեց, որ բաժակը զարկեց շշին և փշրեց։

Սմբատը մտածում էր, որ այլևս ուշ է, պետք է, վերջապես, հեռանալ այս այլանդակ միջավայրից։ Բայց անհասկանալի մի ուժ տակավին ստիպում էր նրան մնալ։ Այստեղ նա հաճույք չէր զգում, բայց և չէր էլ ձանձրանում։ Բոլորը, ինչ որ կատարվում էր, դեմ էր նրա բարոյական սկզբունքներին, նրա ճաշակին, բայց և այնպես ուներ մի դիվային զորություն, որ, հրելով նրան, միևնույն ժամանակ պահում էր կաշկանդված։

Ոտքի ելավ սպան և, շամպանիայի շիշը վերցնելով, մոտեցավ երգչուհուն: Նա բաց էր արել «կիտելի» կոճակները, մի ձեռը դրել կապտագույն անդրավարտիքի գրպանը։ Նա բարձր ձայնով ուշադրություն խնդրեց։ Ոչ ոք չլսեց նրան։ Նա ձեռը զարկեց սեղանապետի ուսին և գոռաց․

— Լսի՛ր, բարեկամ. լսեցեք, պարոններ... Եվ մի վայրկյան գրավելով սեղանի ուշադրությունը ասաց. — Պարոննե՛ր, ես Մոսկվայում տեսել եմ, ինչպես են պաշտում գեղարվեստը մեր գիժ հարուստները։ Դուք չգիտեք, դուք ասիացիներ եք... Լսեցե՛ք, լսեցե՛ք. ապակյա բաժակի եզրերը կոպիտ են գեղարվեստը հարգելու համար... Հասկացա՞ք ինձ, սատանան տանե, թե՞ չէ...

Երգչուհին չգիտեր սպան ինչ է ուզում անել, վախեցավ, նայելով նրա հարբած աչքերին։ Այդ օֆիցերներն ամեն տեղ սկանդալներ են սարքում։

— Պարոննե՛ր, կար ժամանակ, որ ես էլ լողում էի շամպանիայի մեջ, ավա՜ղ հայրական հարստություն։ Թույլ տվեք, սատանան տանի ձեզ, թույլ տվեք ինձ մի քիչ վերակենդանացնել իմ անցյալը...

Նա թեքվեց և բռնեց երգչուհու մի ոտը։

— Այդ ընդունված է ամեն տեղ, ուր գիտեն, սատանան տանե, կյանքն այրել բենգալյան հուրի նման։