Երգչուհին արդեն հասկացել էր նրա միտքը, ուստի ինքը հանեց իր կոշիկներից մեկը և տվեց սպային։
— Կեցցե՜ Մելպոմենը, որ այսպիսի զմայլելի ոտիկ ունե, — գոչեց սպան և կոշիկը լցնելով փրփրալի հեղուկով, բարձրացրեց գլխից վեր ու աղաղակեց․— Հանու գեղարվեստի և նրա սիրույն․․․
— Հուռռա՜, Հուռռա՜,— պոռացին ամենքը։
Եվ խմեցին մի-մի կոշիկ շամպանիա, բացի Սմբատ Ալիմյանից, որ նման տեսարանների մասին լսել էր ու մինչև այդ օրը չէր տեսել։
Երգչուհին ծիծաղից թուլացել էր, տեսնելով իր կոշիկն այդ բարձրագույն պատվին արժանացած։
— Ֆա՜հ, դա մեզ համար նորություն չէ, շատ ենք արել,— ասաց Գրիշան սպային և գրպանից մի զույգ նոր մետաքսյա կոշիկներ, թեքվեց ու հագցրեց երգչուհու ուսերին։
Որպես խելացի ու գործնական կին, երգչուհին զգաց, որ բանն արդեն չափազանցության է հասնում և ով գիտե ինչ կարող է պատահել։ Նա հանկարծ ոտքի կանգնեց, մի ձեռը սեղմեց ճակատին, մյուսը կրծքին, գլուխը ցած թեքեց, գունատվեց․ Միքայելը վախեցած գրկեց նրան։
— Ի՞նչ պատահեց, ի՞նչ պատահեց,— գոչեցին ամենքը։ Երգչուհին ուշաթափվում էր, աչքերի բիբերը ծռվել էին դեպի վեր, շրթունքները կպել էին ատամներին։
— Կուրծքս, կուրծքս...
Հարկավ, բոլորը շրջապատեցին նրան։
— Հաքիմ, ըըը, հաքիմ, ըըը բերեք,— արտասանեց Պապաշան շփոթված։
Բերեցին օդեկոլոն, երեսին ջուր սրսկեցին, Քյազիմ-բեգը վազեց տելեֆոնով բժիշկ հրավիրելու․ ոչինչ չօգնեց։ Երգչուհին շարունակ կրկնում էր․
— Տուն տարեք ինձ, տուն եմ ուզում․․․
Շատերը փափագեցին նրան ուղեկցել, մանավանդ Միքայելն ու Գրիշան, սակայն նա աննկատելի ճարպկությամբ կռթնեց տենորի ուսին, մյուս ձեռքով գրկելով խորային երգչուհիներից մեկին։ Ճար չկար, նրան դուրս տարան և