Հրդեհի հանգցնելուն, բացի Իվան Գրիգորիչի գործարանի մշակներից, օգնում էին և՛ ուրիշ գործարանների մշակներ ռւ կողմնակի մարդիկ: Միայն առաջինները գործում էին ուղղակի կրակի դեմուդեմ, ամենավտանգավոր տեղում, իսկ մյուսները աշխատում էին որքան կարելի է հեռվից գործել, խույս տալով կատաղի բոցի ալիքներից։ Առաջինները հրաշեջ նասոսների խողովակների ծայրերից բռնած շփում էին ջուրը կրակի դեպի զորեղ կենտրոնը, որտեղից բոցը ջրի ամեն մի զարկին խուլ արձագանքներ էր տալիս, իսկ մյուսների մի մասը հեռվից նասոսների կռնակներն էր պտտեցնում, մնացյալները ջուր էին ավելացնում նասոսներին։ Մշակների մի ուրիշ խումբ թիերով հող էր սփռում երկու կողմերից նավթային մնացորդների բոցավառված պահեստի վրա։
Մի քանիսը Իվան Գրիգորիչի մշակներից անգիտակցաբար այն աստիճան մոտեցել էին կրակին, որ ամբոխը նրանց փոխարեն սարսափում էր։ Տոթը խեղդում էր նրանց, կրակի տաքությունը կիզում էր նրանց կիսամերկ մարմինները, խոշոր կայծերը անձրևի նման հեղեղվում էին նրանց գլխին, բայց խորասուզված իրանց գործի մեջ, կարծես, նրանք ոչինչ չէին զգում։ Ամեն վայրկյան նրանց նավթաթաթախ ցնցոտիները սպառնում էին բոցավառվել թափվող կայծերից։ Մի քանի ուրիշ բանվորներ այդ թշվառներին վերջին վտանգից ապահովելու համար բավական հեռվից մի փոքրիկ նասոսով ջուր էին սրսկում նրանց վրա։
Թեթևամիտ ամբոխը շատ ժամանակ յուր աչքի առաջ կատարվող ամենաողբալի տեսարանների մեջ անգամ բնազդաբար ձգտում է գտնել որևիցե նյութ յուր վայրենի զվարճության համար։
— Մենք էլ գնանք ու այս վերջինների վրա ջուր ածենք,— ասում էին մի քանիսը, անամոթաբար ծիծաղելով։
— Գնացե՜ք.․․ իսկ մենք էլ այստեղից ձեզ վրա հող կածենք,— ավելացնում էին ուրիշները, նույնպես ծիծաղելով։
— Ինչ չաղ կրակ է, տղերք, խորովածի համար,— ասում էր մեկը, բեղերը շփելով։
Բոցը զորանում էր... ամբոխը, չդիմանալով շոգին, սկսեց աստիճանաբար հեռու ու հեռու խույս տալ։