թխահեր երիտասարդ, որից իսկույն սենյակի մեջ տարածվեց նավթի սուր հոտ։ Նա հագած էր մոխրագույն, բայց նավթային թանձր մուրից յուր բնական գույնը կորցրած, կարճ պիդժակ և նույն գույնի նեղ վարտիք, որը մինչև ծնկները ծածկված էր կեղտոտ կոշիկների երկայն անկարուրդի մեջ։ Երիտասարդը կլիներ մոտ քսան հինգ տարեկան։ Չնայելով, որ նրա դեմքը կեղտոտված էր մուրով, բայց և այնպես նրա երեսի նուրբ գծագրությունն արտահայտում էր յուր բնական նուրբ գեղեցկությունը։ Երիտասարդը գլուխ տվեց Պետր Ստեփանիչին և, ձեռները կողքերին քաշ գցելով, արձանացավ դռների մոտ։
— Առաջ ե՛կ, նստիր,— ասաց Դոլմազովը։
Երիտասարդը չհամարձակվեց նստելու։ Նա միայն գլուխ տվեց։ Դոլմազովը կրկնեց յուր առաջարկությունն այս անգամ ավելի քաղաքավարի ձևով։ Երիտասարդն, ամաչելով ու քաշվելով, մոտեցավ և գդակը ձեռին մի կողքով նստեց աթոռի վրա։
— Հը՛մ, Սմբատ, ասիր, տեսնենք ի՞նչ նոր բան կա,— հարցրեց Պետր Ստեփանիչը, մի նոր ծխախոտ վառելով։
— Ձեր առողջությունը,— պատասխանեց Սմբատը, գլուխը հազիվ բարձրացնելով։
Նրա ձայնը խիստ դուրեկան էր։
— Այսօր նավթ ստացե՞լ եք Բալախանուց։
— Այո՛։
— Ո՞վ է ընդունել։
— Կարլ Մարկիչը։
— Հա՞, ի՞նչ է անում Կարլը, լա՞վ է, ուրա՞խ է։
— Լավ է, ուրախ է:
— Հը՛մ... այդպես, ուրիշ ի՞նչ կա, գործարանն այսօր բանո՞ւմ է։
— Այո՛, հենց առաջին կաթսաները նոր էինք սկսել դատարկելու, երբ ձեր հրամանոց նամակը ստացա, իսկույն ձի նստելով ճանապարհ ընկա։
— Շա՜ատ լավ ես արել, շա՜ատ լավ ես արել։ Գիտե՞ս ինչ, Սմբատ, ես քեզ մի գործի համար եմ կանչել, որը միայն քեզ է վերաբերվում: