Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Հրամայեցե՛ք,— ասաց երիտասարդը զարմանալով:

Պետր Ստեփանիչի խոսքերը նրան մի փոքր վախեցրին:

«Չլինի՞ թե ուզում է ինձ դուրս անել», մտածեց նա իսկույն:

— Գիտե՞ս ինչ, Սմբատ, դու վաղուց ինձ խնդրել ես որ ռոճիկդ ավելացնեմ, այնպես չէ՞:

— Այո՛։

— Եվ ես խոսք եմ տվել, բայց մինչև օրս չեմ կատարել խոսքս։

— Այո՛։

— Դու ընտանիք ունի՞ս։

— Հայր, մայր և երկու քույր։

— Ինչտե՞ղ են։

— Շուշում։

— Հը՛մ, ինքդ խոմ պսակված չե՞ս։

— Ո՛չ

— Նշանված ե՞ս

— Ո՛չ:

— Հը՛մ... ուրեմն էլի մի ահագին բեռ կա մեջքիդ վրա,— ասաց Պետր Ստեփանիչը կարեկցաբար։

— Այո՛, ես էլ հենց այդ պատճառով էի ձեր հրամանոց խնդրել ռոճիկս ավելացնել։

— Այո՛, գիտեմ որ ամսական քառասուն մանեթով դժվար է ընտանիք կառավարել։ Բայց գիտե՞ս, Սմբատ, ինչու չեմ մինչև այժմ խնդիրդ կատարել։

— Ո՛չ, չգիտեմ։


— Որովհետև քեզ համար ես ուրիշ բան եմ մտածում։

Սմբատը ոտից գլուխ լսողություն դառավ։

— Ես ուզում եմ այնպես անել, որ դու ժամանակով օրինավոր մարդ դառնաս և ոչ թե ամսական հինգ կամ տասը մանեթով ռոճիկդ ավելացնել։

— Շատ շնորհակալ եմ, Պետր Ստեփանիչ շատ շնորհակալ եմ...

Երիտասարդը բարձրացավ տեղից, գլուխ տվեց Դոլմազովին և կրկին նստեց։

— Թեև, Սմբատ, երբեմն դու էլ ինձ բարկացնում ես, բայց վատ տղա չես։ Չորս տարի է, որ ինձ մոտ ծառայում ես, ես