Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/200

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էին մեն մի ալլահին և նրա մեն մի մարգարեին:

Մռայլ և անտարբեր էր նույն ժամին մի երիտասարդ անցորդ։ Եվ նրա մռայլությունը չէր նմանվում ոչ տաժանակյաց մուրացկանի թշվառությանը, ոչ նավը խորտակված վաճառականի թախծությանը և ոչ հինգ նամազից մեկն էլ չկատարած մուսուլմանի անձկությանը։

Նա անցնում էր միջին բազարով, բարձրանում էր դեպի քաղաքի Իմամլու կոչված թաղը։ Ոչ ոք և ոչինչ չէր գրավում նրա ուշադրությունը։ Եվ նրա ուղղափառ մուսուլմանական զգացումները չէին վրդովվում երևելի դարվիշ Ահադի դեմ, որ, հայերին շողոքորթելու համար, իր ոգևորիչ ձայնով երգում էր.

«Հիսուսն իջավ վայր — երկնքից, նա լուր բերեց — այն աշխարհից... (Իսա գյալդի — սամավաթտան, խաբար վերդի — գիամաթտան)...

Երիտասարդը գնում էր մոլոր քայլերով, գլուխը կրծքին թեքած և աջ ձեռը խրած մեջքի արծաթյա գոտիի մեջ։ Կասես նա անբախտ Մյաջնունն էր, որ իր հոր տունը թողած, դիմում էր Արաբիայի ամայի և հրակեզ դաշտերը, երգելով իր սերը Քեյբին։ Նա նման էր և՜ մեծ մարգարեի սիրեցյալ Քեյբին, որ երևակայության օվկիանոսը խորասուզված, հորինում էր մինն այն դրախտային երգերից, որոնցով արաբ շահիրը[1] ախորժանք էր նվիրում մարգարեից մարգարեի սրբազան լսելիքին։

Անցավ նա բազարը, անցավ Իմամլուի կեսը և, ծռվելով մի նեղ փողոցք կանգ առեց մի կիսավեր տան առջև: Փողոցում մարդ չկար, միայն հեռվում խաղում էին մի խումբ երեխաներ և մի ոտաբոբիկ, կիսամերկ մարդ հավաքում էր բաղնիսի պատերից քաշ արած ճերմակեղենը:

Նա հանեց աջ ձեռքը գոտիի միջից, ուղղեց ուղտագույն չուխայի և մահուդյա մեխակագույն կարճ արխալուղի լայն փեշերը, շփեց նորաբույս, սևաթույր ընչացքր։ Դա մի հսկայատիպ տղամարդ էր։ Շիրվանի հայտնի տղամարդկանցից մեկը, հայտնի իր առնական դեմքով, իր բարձր հասակով, իր վայելուչ կազմվածքով, իր անվեհեր սրտով։ Մի խոսքով, դա սարի-թորփաղցի Ասադն էր։

  1. Բանաստեղծ: