Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/206

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սկսած, հպարտ և պատվախնդիր ենք եղել, այժմ նամանավանդ պիտի լինենք։ Հայտնի է աստծուն, որ արյունս երակներիս մեջ բորբոքվում է, երբ հիշում եմ այն քյաֆրի տղա քյաֆրի այս փողոցներն այցելելը։ Թքեցեք Հաջի-Քյարիմի որդի Հաջի-Ալեաքպարի երեսին, որ նա այն երեկո լրբի փորը ծխով չլցրեց։ Բայց ի՞նչ անեմ, անիրավը նապաստակի նման փախավ ձեռքիցս։ Ես, բարկացած, ատրճանակս ձգեցի կտուրը։ Վերջապես, անցածն անցել է, «ետևից արձակողը գարշապարին կխփե», ասում է առածը։ Այժմ պատիվը ձերն է, սարի-թորփաղցի տղա մի մեկը հանդգնում է ձեր թաղի անունը խայտառակել, ձեր պարտքն է նրա ոտը կտրել այստեղից։ Վալլա՛հ, բիլլահ, Հաջի չլինեի, այս րոպեիս, մետաքսյա աբաս դեն ձգելով, մի փայտ վերցնելով, մեն միայնակ կգնայի ամբողջ Սարի-Թորփաղի դեմ։ Բայց ամոթ էք ձեզ պես երիտասարդները կանգնած, ինձ չպիտի թողնեք, որ միրուքս անպատվեն։ Ճշմարի՞տ եմ ասում։

— Այո, այո՜, Հաջի, ինչ ասել կուզի, որ իստակ ճշմարիտ եք հրամայում,— ասաց խորոված ծախող Հեյբաթը, որի մի աչքը դուրս էր եկել Մահառռամի կռվի ժամանակ։

— Լսո՞ւմ եք, ջահիլներ, ամոթ մեր շիր ու շնորհքին,— մեջ բերեց Մեյթինք Իմամլուի ամենալավ փայտ խփողներից մեկը։

Թռչնորս Ասկյարը, որ երևելի քար գցող էր և երկու մարդու աչք էր հանել, մեկի էլ ոտը գոսացրել, ասաց, թե հետաձգելը երկչոտություն է, թե հենց այսօր իսկ պիտի թաղակռրվ սկսել Սարի-Թորփաղի հետ։ Այս միտքը բոլորն ընդունեցին։ Բայց Հաջին չէր շտապում. նա, պարագլուխ երիտասարդներին մեկ-մեկ ծխախոտ նվիրելով, ասաց.

— Մի՛ վռազեք, բոլորովին մի վռազեք, այսօր չլինի — վաղը լինի, զանազանություն չունի։ Բայց մի բան կալ

— Հրամայեցե՛ք, Հաջիք հրամայեցե՛ք,— ասացին միաբերան բոլոր պարագլուխները, ձեռները կրծքներին դրած, գլուխ տալով նորին հաջիության։

— Դիցուք հենց հիմա թաղակռիվ է,— շարունակեց Հաջին, չիբուխը բերնից հանելով և միրուքը շփելով,— իմ կարծիքով