Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/207

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեր կռիվը մի կոպեկի արժեք չի ունենալ, եթե այղ կռվից անվնաս դուրս կգա ինքը, սկզբնապատճառը։

— Ասա՞դը,— հարցրին միաբերան բոլորը։

— Այո՛, Ասադը,— պատասխանեց Հաջին,— երդվում եմ Ալիի սուրբ անունով, որ ձեր սրբազան պարտքն է նրան ոչնչացնել, ինչպես լինի, ոչնչացնել։ Հեյբա՛թ, նախ և առաջ փայտդ նրա գլուխը պիտի ջարդ ու փշուր անի։ Ասկյա՛ր, քար ձգելիս, նշանակ պիտի վերցնես նրան, նույնպես և ձեզանից յուրաքանչյուրը։ Լսո՞ւմ եք։

— Բա՛ր չեշմա, բա՛ր չեշմա (աչքիս վրա),— ասացին ամենը մի առ մի, ձեռները դնելով իրենց աչքերի վրա և գլուխ տալով Հաջիին։

— Կեցցե՛ք, ջահիլներ, կեցցե՛ք, դուք իսկական տղամարդիկ եք,— հավանեց Հաջին գոհ սրտով։— Հիմա շնորհ արեք գնանք մեր տուն չայ խմելու։ Այնտեղ մենք կխորհրդակցենք կռվի մասին։

Պարագլուխները ամաչելով, քաշքշվելով, միմյանց երեսին նայելով, հետևեցին Հաջի-Ալեաքպարին և մտան նրա տունը։

IV

Առավոտ էր։ Սարի-թորփաղցի ինը-մատնանի Մահմուդը, իր խանութի առջև կանգնած, Շիրազի պիսակավոր մորթուց կարած մի գդակ էր թրջում և ճիպոտով ծեծում։ Այդ միջոցին իմամլուցի գդակ կարող Մեյթին դիտմամբ անցավ նրա առջևով։ Մահմուդն անգիտակցաբար մի քանի կաթիլ ջուր սրսկեց նրա վրա: Մեյթին կանգնեց և բերանից բաց թողեց մի շատ անվայել հիշոց։ Մահմուդը ներողություն խնդրեց։ Մեյթին, որ երեկոյան Հաջի-Ալեաքպարին և իր ընկերներին խոսք էր տվել կռվի առիթ տալու, մի ավելի սուր հիշոց արտասանեց Մահմուդի երեսին։ Մահմուդը նամուսով մարդ էր, Մեյթիին պատասխանեց ըստ կարգին և փոխարենը վերջինից ստացավ մի պինդ ապտակ։

Իմամլուցիները պատրաստ էին, մի վայրկյանում թափվեցին Մահմուդի վրա: Մյուս կողմից եկան մի քանի սարի-թորֆաղցիներ