Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/249

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրան ձանձրացրել են, թե նա մտավորապես բթանում է, բարոյապես աղավաղվում, միշտ միատեսակ կյանք վարելով, թե վերջապես, անգործությունը պատիվ չի բերում տղամարդին։ Նա օրինակ էր բերում յուր նախկին ընկերներին, համեմատում էր իրեն նրանց հետ և ամաչում այդ համեմատությունից։ Ամեն մեկը մի անհատ է, մի ազատ մարդ յուր ուժով, կամքով, խելքով, յուր սեփական ձգտումներով։ Իսկ ի՞նչ է ինքը․ համարյա թե ոչինչ, փողով ապրող, փայփայված մի երեխա, որին եթե վաղն ազատություն տաս իր ոտքով շրջելու, ով գիտե, չկարողանա շրջել։ Ո՛չ, այսպես չի կարելի, նա արդեն ծիծաղելի է դարձել յուր ընկերների աչքում, նրանք ծաղրում են նրան, արժանի չեն համարում մի լուրջ բանի վրա հետը խոսելու։ Իսկ ով անկեղծ է, խորհուրդ է տալիս ուսումը շարունակելու։

— Խնդրում եմ, մայրիկ, արգելք մի՛ լինիր ինձ, մի՛ կապիր ճանապարհս...

Բայց բոլոր այս պատճառաբանություններն ակներև ապարդյուն էին անցնում։ Ճշմարիտ է, Հռիփսիմեն լսում էր որդու ասածները խորին ուշադրությամբ, չէր հակառակում, համաձայնվում էր, բայց, միևնույն ժամանակ, միշտ կրկնում էր.

— Առանց քեզ մի օր չեմ ապրիլ։

Սմբատը շվարված էր մնացել, չգիտեր ինչ աներ։

«Վերջապես, մի կերպ պետք է լուծել այդ կապանքը, թե՞ չէ»,— մտածում էր նա։ Նա վճռեց փոխել իր վարվողության ձևը։ Մինչև այժմ նա դեռ շարունակում էր մեղմ վարվել մոր հետ, որին թե՛ սիրում էր և թե՛ խղճում։ Այժմ նա սկսեց ցույց տալ, որ ատում է նրան և մտադրությամբ իր հարաբերությունները կոշտացրեց։ Նա չէր պատասխանում մոր ոչ մի հարցին, ճաշում էր առանձին, քնում էր յուր առանձնասենյակում, ուր չէր թույլ տալիս մորը ոտք դնելու, տեղի ու անտեղի ծառայի վրա բարկանում էր, մուրացկաններին վռնդում էր դռներից, թափառական երաժիշտներին ու երգիչներին չէր թողնում երգել և նվագել գավթում։ Մի խոսքով, անում էր այն, ինչ որ գիտեր, թե դուր չի գալիս մորը։ Այսպիսով, նա կամենում էր մոր