Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/299

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զղջում էի այնտեղ գտնվելուս համար։ Չար կասկածը մի անգամ արդեն թափանցել էր նրանց սիրտը և այնտեղ կատարում էր յուր գործը։ Կարո՞ղ էր Մարթայից անհայտ մնալ այդ կասկածը։ Պատահեց մի շատ սովորական դեպք։ Մարթան ափսեները ծառային տալիս անզգուշաբար ձեռքից գցեց հատակի վրա։ Դա մի հասարակ անփթություն էր։ Նա շփոթված ոտքի թռավ և գունատվեց։ Պետրոսը բնազդումով տեղից վեր կացավ։ Նրա այրի քույրը մի ճիչ արձակեց և նույնպես թռավ տեղից։ Իսկ մայրն, աչքերը վեր բարձրացնելով, հառաչեց։ Նրա շրթունքների շարժումից երևում էր, որ մտքում աղոթում է։ Մարթան սաստիկ վախից դողում էր։ Ամենքն իրանց հայացքը հառել էին նրա վրա, իսկ նրա հոգին ճնշվում էր այդ ընդհանուր հայացքի տակ, ինչպես մի սեղմիչի ներքո։ Հետո նա սկսեց կոտրված ափսեները հավաքել։

Լռությամբ սկսված ճաշը լռությամբ էլ վերջացավ։ Ես շտապեցի ազատվել անախորժ տեսարանի ծանրությունից։

Նույն օրն երեկոյան ես գնացի Սերգոյի մոտ։ Նրա մայրը, ձեռները կրծքին ծալած, նստած էր թախտի վրա։ Խեղճ կինը լալիս էր։ Ինձ տեսնելիս շփոթվեց։ Անմիջապես Սերգոյին կանչեցի մյուս սենյակ և պատմեցի կասկածս ու երկյուղս։

— Այո՛,— ասաց նա,— փեսաս ամեն բան իմացել է, չգիտեմ ով է պատմել նրան։

— Թող անիծվի այն չար լեզուն,— գոչեցի ես հուզված,— բայց այդ չէ կարևորը։ Այժմ հարկավոր է մի բան անել. պետք է այդ վատ կասկածը արմատախիլ անել թե՛ Պետրոսի և թե նրա մոր ու քրոջ սրտից, եթե ոչ Մարթային վտանգ է սպառնում։

— Այո՛, վտանգ է սպառնում, գիտեմ. նրանք կարծում են, թե Մարթան հիմա էլ խելագար է. չգիտեք ինչեր են խոսում։ Անցյալ օրն ես ինքս ականջովս լսեցի Մարթայի սկեսրոջ խոսքը. «սևանար այն օրը, երբ աստծու պատիժը ոտք դրեց իմ տունը»։ Դուք գիտե՞ք, Պետրոսն այժմ Մարթային ոչ մի տեղ չի տանում, այո, ոչ մի տեղ և հյուր էլ չի ընդունում. ես զարմանում եմ, որ նա ձեզ հրավիրում է։ Իսկ մեզ հետ նա սկսել է արդեն բոլորովին կոպիտ վարվել։ Հինգ օր առաջ մի