ՄԵԼԱՆԻԱ
I
— Մելա՛նիա, ուրախացի՛ր. Պետերբուրգից հեռագիր ստացա, սենատը գործը վճռել է մեր օգտին։ Հորեղբորս որդին հույս ուներ մեզանից չորս հարյուր հազար ստանալու, հիմա չո՛րս կոպեկ չի ստանա։ Օ՜հ, վերջապես ազատվեցի գլխացավից։ Այժմ կարող ենք ապրել, ինչպես հարկն է։
Ինքր՝ Սամսոն Ֆրանգուլյանն, այնքան ուրախ էր, այնքան զգացված, որ ամուր գրկեց ամուսնուն և համբուրեց։ Երեսուն տարի աշխատասեր մարդը ոսկոր է կոտրել, դիզել ահագին հարստություն և հանկարծ մի անգործ ազգական ուզում էր խլել այդ հարստության մի երրորդականը։ Հանաք բան չէր բաժանվել մի այդպիսի գումարից։ Եվ բաժանվել այն ժամանակ, երբ նա գործերը թողել էր, տեղափոխվել Կովկասի մայրաքաղաքը «հանգստանալու և ապրելու» համար։
Նա երջանիկ էր։ Թեև ավելի քան կես դար արդեն անցել էր նրա գլխով, բայց կազմվածքը դեռ պահպանել էր կանոնավորությունը, ձայնը դեռ հնչում էր խրոխտ, քայլվածքը դեռ աշխույժ էր, իսկ ստամոքսը բոլորովին անխախտ։ Փույթ չէ, որ մազերը կիսով չափ ճերմակել էին — դա ժամանակի անխուսափելի հետևանքն էր։ Կար միայն մի հոգս, որ երբեմն նրան գցում էր ծանր մտատանջության մեջ։ Սակայն, հուսալով իր հարստության վրա, նա հավատացած էր, որ այս հոգսից էլ կարող է ազատվել․․․