— Համարձակվիր չսիրել, ատամներս ցույց կտամ։
Ասաց կես լուրջ և կես կատակի եղանակով, բայց ավելի կոշտ, քան մեղմ, ավելի իշխանական, քան բարեկամական տոնով։ Եվ իր խոսքերի մեջ ինքն էլ զգաց ինչ-որ չարագուշակ հնչյուն։
Հուզումը, մանավանդ զղջումը թաքցնելու համար, Սամսոնը դուրս գնաց սենյակից:
Մնալով մենակ՝ Մելանիան նստեց առաջին պատահած աթոռի վրա և ընկղմվեց մտախոհության մեջ։
«Սիրո՞ւմ ես ինձ», հնչում էր նրա ականջին։ Ի՞նչ պատասխաներ։ Միթե նա ինքը գիտե՞, սիրում է, թե չէ։ Նա միայն գիտե, որ Սամսոնը իր օրինական ամուսինն է — nւրիշ ոչինչ: Մի մարդ, որի հետ անխզելի կերպով կապված է մինչև մահ՝ սկսած տասնույոթ տարեկան հասակից։ Ծնողները նրան չստիպեցին գնալ այդ մարդուն, այլ «համոզեցին»։ Նրան բացատրեցին բոլոր հանգամանքները. և նա համաձայնվեց։ Նա հասկացավ, թե դառնալով Սամսոն Ֆրանգուլյանի կինը, պիտի բախտավորեցնի իր ծնողներին—այսքանն արդեն բավական էր։ Ոչինչ հակադրություն չէր զգում սեփական ճակատագրի և ծնողների կամ քույրերի ու եղբայրների բախտի մեջ։ Իր վիճակը ձուլված էր համարում նրանց վիճակի հետ։ Երջանիկ են, ինքն էլ երջանիկ կլինի․ անբախտ են, ինքն էլ կանբախտանա—ահա բոլորը։ Եվ եթե ասում են թե Սամսոն Ֆրանգուլյանի հետ անպատճառ բախտավոր կլինի, կնշանակե ճշմարիտ են ասում։ Ինչո՜ւ չգնար այդ մարդուն։ Կյանքը նրա համար մի անծանոթ աշխարհ էր, ինքը կանգնած նրա տակավին փակ դռների առջև։ Եթե սիրող ծնողները, բռնելով թևից, դպրոցական նստարանից նրան ուղղակի ամուսնական կյանքի մեջ մտցրին, միայն և մի միայն հավատալով և սիրելով նրանց՝ ընդունեց այս վիճակը։ Բայց ի՞նչ է եղել նրա ապրուստը այս վեց տարվա ընթացքում։ Այն, ինչ որ տվել են մի կողմից ամուսնու դիրքն ու հարստությունը, մյուս կողմից՝ մայրական բնազդական սերը դեպի իր զավակները։ Ի՞նչ է այժմ, այս րոպեին, կյանքը նրա համար։ Շքեղ տուալետներ, թանկագին ադամանդներ, ճոխ սեղան, նոր շրջան, պարեր, երգ, զվարճություն։