Բայց հյուրը շտապեց օգտվել հենց այդ խոսքերից։ Նա ասաց.
— Օ՜օ, շա՜տ ուրախ եմ, որ չեք հասկանում։ Այդ պատիվ է բերում ձեր ճաշակին. կյանքը շատ տխուր կլիներ, եթե երիտասարդ ու գեղեցիկ կանայք էլ հետաքրքրվեին նյութականով։ Ապրել ու զվարճանալ — ահա ինչ է վայելում ձեր հասակին դիրքին, գեղեցկությանը։
Այս խոսքերը ներգործեցին Մելանիայի վրա։ Նա մինչև անգամ փափագեց լսել նրանց շարունակությունը։ Փիրուզյանը այս հասկացավ և շտապեց օգտվել հարմար րոպեից։ Կինը կյանքի ժպիտն է, պոեզիան։ Կինը, մանավանդ երիտասարդ ու գեղեցիկ կինը, տղամարդի աստվածուհին է։ Միթե վայե՞լ է աստվածուհուն նյութականով հետաքրքրվել։ Կինը մինչև անգամ չպիտի մտածի լուրջ բաների մասին, որովհետև մտածմունքը խորշեր է առաջացնում դեմքի վրա և ծերացնում է կնոջը։ Կինը միայն պիտի զգա, միայն պիտի սիրի ու սիրվի և միշտ ձգտի լիացում տալ իր զգացումներին...
Զգալ, լիացում տալ զգացումներին։ Մելանիան վախեցավ։ Փիրուզյանը խոսում էր նրա սրտի խորքից, նրա այժմյան տրամադրությունից։ Այլևս նա հաղթահարվեց, գոնե այնչափ, որ դադարեց մտածել հյուրից ազատվելու մասին։ Այժմ նա լսում էր նույնիսկ հետաքրքրությամբ, թեև մերթ ցնցվելով, մերթ անտարբեր ձևանալով, մերթ բարկանալով միմյանց հակասող, միմյանց ջնջող զգացումներից։
— Ես շատ ուրախ եմ,— շարունակեց Փիրուզյանը եռանդով,— որ դուք զբաղվում եք հասարակական գործերով։ Բայց, ներեցեք, ինձ թվում է, դուք այդ անում եք, ը՜ը՜ը՜, անում եք... ձեզ խաբելու համար...
— Ուրեմն դուք չե՞ք հավատում իմ անկեղծությանը—, գոչեց Մելանիան վիրավորված։
— Ո՛չ,— արտասանեց Փիրուզյանը համարձակ, մեղմիկ ժպտալով և նայեց խոսակցի բիբերին։
— Ի՞նչ իրավունքով։
Իրավունքի բան չկա, ճաշակի խնդիր է։ Նախ և առաջ` պիտի ասել, որ ես չեմ հավատում առհասարակ կանանց, մանավանդ երիտասարդ կանանց հասարակական գործունեությանը: