ինչ որ կարող էր նրա համոզմունքն ավելի ու ավելի ամրացնել. և Գուրգենի տարօրինակ լռությունն ու տխրությունը վերջին ժամանակ, և՛ Զինայի հանկարծակի նրա առաջ չոքելը, լալը, ներում խնդրելը գյուղից գալու օրը, և ուրիշ շատ հանգամանքներ, որոնց վրա մինչև այն օրը ուշադրություն չէր դարձրել։
Նա ճիգն արավ իշխել իրեն, չկարողացավ։ Արյունը զարկեց գլխին, և թվաց նրան, որ մի աներևույթ ձեռ խեղդում է իրեն։ Եվ, ինչպես բնից հանկարծակի կտրված շուշան, նրա քնքուշ մարմինը սպիտակ պենուարի մեջ ընկավ գահավորակի վրա։
Նա հեկեկաց։ Այո, նա կույր է եղել և հիմար, որ մինչև այսօր չի տեսել ու մտածել։ Չէ՞ որ դա պարզ է, աներկբայելի։
Նա աշխատեց խեղդել հեծկլտանքը, և միայն կանացի հպարտության զգացումը ուժ տվեց նրան։ Ինչո՞ւ ստորանալ մինչև արցունք, որ ինքնասեր կինը կարող է լվանալ արտասուքով մի այդպիսի անպատվություն։
Նա ոտքի կանգնեց, արագ-արագ սրբեց արտասուքը, կարգի բերեց մազերը, նայեց երեխայի երեսին և նստեց լուսամուտի առջև յուր անելիքի մասին մտածելու․․․
IV
Մի ամբողջ շաբաթ նա լուռ էր։
Գուրգենը չէր համարձակվում նրան խոսեցնել։ Զգում էր, որ այլևս հասել է հատուցման ժամը և պետք է, վերջապես, կանգնե դատավորներից ամենաանողոքի առջև իբրև մի հանցավոր, որ չունե արդարացման ոչ մի միջոց։ Ծանր էր նրա համար ոչ այնքան պատիժը, որքան դատավարությունը, այն հարցուփորձը, որին սպասում էր Լիդիայի կողմից։
Բայց Լիդիան վճռեց արհամարհել ամեն մի բացատրություն։ Նա չկամեցավ կեղտոտ ֆարսը դրամա դարձնել և ամեն մի արդարացում Գուրգենի կողմից համարեց վիրավորական յուր իսկ պատվասիրության համար։
Եվ ահա մի օր, նա խեղդելով յուր մեջ զզվանքի, ատելության, վիրավորված ինքնասիրության խառն զգացումները, ամենայն սառնությամբ հարցրեց.