անասնական կրքերի բորբոքում, ատավիզմ, անվանեցեք ինչ կամենաք, միայն ազատեցեք ինձ այս փորձանքից, ես ոչինչ չեմ խնայիլ․․․
— Ո՞վ է ձեր հակառակորդի պաշտպանը։
— Չգիտեմ։
— Կարդացե՞լ եք նրա խնդրագիրը։
— Ոչ, կոչնագիրը կես ժամ առաջ ստացանք։ Ոչինչ չգիտեմ։
— Մտադի՞ր եք գնալ դատարան, թե՞ կամենում եք գործը հաշտությամբ վերջացնել։
— Գերադասելի է, իհարկե, հաշտությունը, թեև ինձ համար ծանր է այդ կնոջ հետ բանակցության մեջ մտնելը։ Ես հոգում եմ ոչ այնքան իմ, որքան ամուսնուս մասին։ Նա չի կարող նստել մեղադրյալների նստարանի վրա․․․
— Երևի, ուզում եք ասել, որ տիկինը չի կարող լսել ուրիշների ներկայությամբ ձեր դավաճանության մանրամասները, որոնք անշուշտ թաքցրել եք նրանից։
— Ներեցեք, իմ կինը գիտե բոլոր մանրամասները, և պատմել եմ ես ինքս․․․
— Իհարկե, իհարկե,— ընդհատեց Սինոփյանը, ժպտալով,— իբրև ազնիվ մարդ, դուք, մի անգամ զղջալով, պարտք եք համարել խոստովանել բոլորը։ Բայց այլ է տանը դեմառդեմ, առանց վկաների, այլ է դատարանում, օտարների ներկայությամբ։ Այնուհետև, չէ՞ որ աչքի առջև պիտի ունենալ և՛ մամուլը ու նրա ընթերցողներին։ Եթե դուք լինեիք մի աղքատ զույգ, ո՞վ կհետաքրքրվեր ձեր ընտանեկան դրամայով կամ կոմեդիայով։ Բայց դուք հարուստ եք և քաղաքում հայտնի, ուստի պետք է սպասեք, որ լրագիրները կթմբկահարեն հանուն իրենց հինգ կոպեկների։
Սինոփյանը կանգ առավ, մի փոքր մտածեց և ավելացրեց․
— Շատ բարի, ես կօգնեմ ձեզ ուժերիս չափ, առայժմ ոչ իբրև փաստաբան, այլ իբրև խորհրդատու բարեկամ։
— Աղաչում եմ։
— Տվեք ինձ մի օր ժամանակ։ Այսօր ես կմտնեմ դատարան, կկարդամ այդ կնոջ խնդրագիրը։ Պետք է իմանալ ինչ է