Գուրգենը գրկեց նրան մի ձեռով, շարունակ նայելով Լիդիային, որի արտաքին հանգստությունը նրան ավելի էր վախեցնում, քան նվազիլը ։ Այժմ յուր մասին նա բնավ չէր մտածում։ Զգալով, որ ինքն է այդ բոլորի սկզբնապատճառը, զգում էր իրեն կրկնակի հանցավոր Լիդիայի առջև։ Ա՜հ, որպիսի՜ գոհունակությամբ նա ինքը մեն-մենակ կկրեր խայտառակ դատի ամբողջ ծանրությունը։
— Դա՞ է ձեր մանուկը,— հարցրեց նախագահը։
— Այո ։
Տիրեց խորին լռություն։ ։
Լիդիան զսպեց յուր շունչը, ավելի ու ավելի ամուր սեղմելով Սերժի ձեռը։
Նախագահը հանդարտորեն դուրս բերեց ժիլետի գրպանից պենսնեն, դրեց քթին, վերցրեց սեղանի վրայից ձեռի տակ գտնված թուղթը և կարդաց դատավճիռը։
Երբ նա սովորական բանաձևն անցնելով, արտասանեց՝ «դատարանը որոշեց», Լիդիան անգիտակցաբար այնպես ամուր սեղմեց Սերժի ձեռը, որ մանուկը ճչաց ցավից։
— Որոշեց՝ վերցնել երեխային խորթ մորից և հանձնել հարազատ մորը, Զինաիդա Պրոխորովային ,— հնչեց նախագահի սառը, անհողդողդ ձայնը։
Այլևս Լիդիան հետևյալ խոսքերը չլսեց։ Նրա աչքերր մթնեցին, ձեռքերը թուլացան, բաց թողեց Սերժին։ Նրան թվաց, թե առաստաղը խորտակվում է յուր գլխին և, մի սուր ճիչ արձակելով, ընկավ Սինոփյանի գիրկը, որ տեսարանը նախագուշակելով, կանխավ մոտեցել էր նրան։
— Մամա, մամա,— գոչեց Սերժը և դառնագին հեկեկաց։ Թուղթն ընկավ նախագահի ձեռքից։
Զինան կանգնած էր անշարժ և դիտում էր հեռվից։ Ոչ ոք չգիտեր, թե ի՞նչ է կատարվում նրա մեջ։
— Պարոնայք դատավորներ,— լսվեց ընդհանուր շփոթության մեջ Սինոփյանի ձայնը,— դուք տեսնում եք այս երկու կանանցից ո՛րն է հարազատ մայրն այս մանկան։
Տեսարանը նախագահի վրա ազդել էր։ Արտասուքի երկու խոշոր կաթիլներ ընկան պենսնեի տակից նրա ալեխառն մորուքի վրա։