Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/122

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տեսել էի. դիմացի տանը, ուղիղ Ագրինցևի դեմուդեմ վարձել էի չորս աչք։

Գործը շատ բարդ չէր, որ մեծ դժվարություն քաշեի։ Ապրանք շուտով ստացա Վարշավայից։ Իսկ ընկերս հրաշքներ էր գործում Սիբիրում։ Մի տարի անցած նա գրավեց մի քանի խոշոր առևտրական տներ և ձեռք բերեց մեծ վարկ։ Դա մի զարմանալի հաջողություն էր. ունենալով ընդամենը յոթ հազար ռուբլի դրամագլուխ, վայելում էինք հիսուն հազար վարկ։ Բայց հաջողությունը մեզ չմոլորեցրեց. վճռեցինք արթուն լինել և գործն ընդարձակել պահանջի համեմատ։ Բախտը ժպտում էր մեզ, մենք շատ շուտով անցանք քաղաքի հայտնի վաճառականների շարքը։ Ա՜խ, երջանիկ օրեր, որ այնքան թանկ արժեցաք ինձ ապագայում...

Հրեան տխուր հառաչեց և ձեռով դրստեց իր լայն ճակատը։

Կառախումբը կանգ էր առել։ Մի քանի ճամփորդներ դուրս եկան, նրանց փոխարինեցին նորերը։ Եկան, ի միջի այլոց, նաև երկու նիհար և խիստ միմյանց նման երիտասարդներ լայն վերարկուներով և փոքրիկ գլխարկներով։ Դես անցան, դեն անցան և վերջը կանգնեցին անցքում ու սկսեցին զննել ուղևորներին։ Ֆեյլդմանը կապկի արագությամբ մոտեցավ մեզ և շշնջաց.

— Գրպանահատներ են, որսի են եկել։

Վերջապես, աղմուկը հանդարտվեց. հարևանս շարունակեց։

— Ադրինցևը սկզբում մեզ վերաբերվում էր արհամարհանքով։ «Տե՛ս, այդ քոսոտ երուսաղեմցիները ուզում են մրցել Ադրինցևի հետ։ Չգիտեն, որ կարող եմ կոշկիս քթով նրանց կոյանոց շպրտել»։

Ճիշտ այս խոսքերն էր նա ասել իմ բարեկամներից մեկին։ Եվ ուշադրություն չէր դարձնում մեզ վրա, մինչև անգամ մեր խանութի կողմը չէր նայում։ Իսկ ես, ընդհակառակը, առաջվա պես խոնարհ էի ու համեստ։ Գլուխ էի տալիս Ադրինցևին ամեն անգամ պատահելիս այնպես, ինչպես մենք հրեաներս միայն սովոր ենք գլուխ տալ։ Հիշում էի