Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հանգուցյալ հորս խոսքերը. «Տե՛ս, չլինի թե կյանքումդ շահես որևէ քրիսաոնեի թշնամություն։ Միշտ խոնարհվիր, միշտ գետնին նայիր, այդ քեզ չի ստորացնիլ, բայց կպաշտպանե փորձանքներից»

Եվ խոնարհվում էի։ Միևնույն ժամանակ, աշխատում էի ամենայն եռանդով։ Այժմ հասարակ դերձակի գլուխը ներկայացնում էր խոշոր հաշիվների և պես-պես ծրագրերի շտեմարան։ Շմուլ Մոզերն ինձանից ավելի հանդուգն էր. միշտ դրդում էր լայնացնել ու լայնացնել գործը։ Ապրուստիս մեջ շատ քիչ փոփոխություն էի մտցրել։ Հագնվում էի առաջվա պես համեստ, բայց այլևս ինքս չէի կարում ինձ համար. ժամանակն ավելի թանկ արժեր։ Ընտանիքս այժմ կենում էր երկուսի փոխարեն չորս սենյակում։ Չէի խմում, չէի շռայլում, կանանց վրա աչք չունեի։ Բայց զավակներիս ուսման համար ոչինչ չէի խնայում։ Այժմ մեծ որդիս համալսարանումն է:

Սկսեցի, հակառակ հարևանիս սովորության, ապառիկ ապրանք բաց թողնել։ Բայց, իհարկե, գտեի ում։ Դրա համար ունեի առանձին ցուցակ, որից դուրս ամենքին մերժում էի։ Դա եղավ մրցման առաջին միջոցը Աբգինցևի դեմ։ Ինքս ոտքի վրա մնալու համար պատրաստ էի նրան գլորել գետին։ Երկուսս միասին միևնույն շրջանում, միևնույն փողոցում, միևնույն առուտուրը չէինք կարող վարել։

Կար և մի ուրիշ միջոց—քաղաքավարություն գնողների հետ։ Վա՜յ այն վաճառականին, որ չգիտե ժամանակին ժպտալ, ժամանակին տխրել, ժամանակին ձևանալ բթամիտ, նայելով իր գնողի տրամադրությանը։ Եթե գնողդ ցորենի առևտրական է, ասա՛, որ Մովսիսի ստացած պատգամների մեջ այդ առուտուրն էլ կա. եթե պետական պաշտոնյա է, առանց նրան երկրագունդը կդադարի պտտել արեգակի շուրջը, եթե ոստիկանապետ է, թող կորչեն բոլոր հեղափոխականները, որ կործանեցին առուտուրը. իսկ եթե զինվորական է, թող տարտաբոսը գլորվի նենգամիտ Անգլիան, որ միշտ դավեր է լարում մեր «հայրենիքի» դեմ և այլն, և այլն։ Եվ ես այսպես էի անում:

Մյուս կողմից, ոչ մի կոպտություն ինձ չէր շփոթեցնում