Չվշտանալով նրա վիրավորական խոսքից։— Շնորհ արեք ներս գալու։
— Օ՛օ, էլեկտրական լո՞ւյս։Ո՜ր ժամանակից։
— Արդեն մի քանի ամիս է։
— Այդ ի՞նչ իրավունքով։
— Ինչպես թե ի՞նչ իրավունքով, Սերգեյ Պախոմովիչ:
— Հարցնում եմ, ո՞վ է քեզ իրավունք տվել:
— Փողը և իմ ցանկությունը,— պատասխանեցի ես։
Ագրինցևը ծիծաղեց։
— Աա՛, ուրեմն դու փող էլ ունես, ցանկություն էլ։ Իսկ ես կարծում էի, որ միայն գողացած ապրանք ունիս։
— Ինչպե՞ս թե գողացած ապրանք,— գոչեցի ես,— իմ խանութում այդպիսի բան չկա։
— Ուրեմն ո՞րտեղ ես թաքցնում իմ ապրանքը, ասա՛. դո՞ւ չես սովորեցնում գործակատարներիս, որ մաշկերս գողանան և քեզ ծախեն, աա՞ ։
Այդ մի այնպիսի անամոթ զրպարտություն էր, որին չէի կարող դիմանալ։ Ուստի տաքացա և Ագրինցևին անվանեցի ստախոս։
— Աա՞, Իսրայելի շուն,— գոռաց նա այնպես, որ հարևաններս հավաքվեցին, — աա՜, սատկած կատու, խոզի փորոտիք, ես քո ատամները կջարդեմ, տո՛ւր, ապրանքս, տո՛ւր, ասում եմ։
Հարևաններս միջամտեցին և աշխատեցին խաղաղեցնել նրա զայրույթը։ Ամենքը հավատացրին նրան, որ «Այզելման և Մոզեր» առևտրական տունն երբեք չի ստորացնիլ իրան գողացած ապրանք գնելու չափ։
Ագրինցևը սթափվեց մի փոքր։ Ես լուռ էի, որովհետև նահանգապետը նրա կողմն էր, իսկ ես մի հրեա։ Սկսվեց մի ուրիշ տեսարան։ Ագրինցևը կամեցավ ծխել և լուցկի պահանջեց։
Ես ունեի մի գործակատար։ Վիտալի Ռաբինովիչ էր անունը։ Ոսկի էր այդ երիտասարդը, մագազինիս հոգին, աջ թևս։ Խելոք էր նա, պարոն, ընդունակ, եռանդուն։ Միշտ կարդում էր ընտիր գրքեր։ Խեղճ մոր միակ գավակն էր։ Ա՛խ, ես նրան սիրում էի հարազատ որդուս չափ։ Կորավ թշվառը, իր