Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/154

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Դեհ, բավական է ինչքան խոսեցինք,— հանկարծ հանդարտվեց Միսակը,— խնդիրն այն է, որ այսօր ես ոչինչ եմ, գթա, սողուն, խլեզ, ճիճու, գորտ, ինչ կամենաս, միայն ոչ մարդ: Դու կարծում ես, որ ես չգիտեմ, որ դու ինձ չես սիրում: Ինձ ոչ ոք բանի տեղ չի դնում: Բայց թող հայտնի լինի ամենքին, որ ես էլ թքել եմ բոլորի վրա...

— Այդ ես գիտեմ, գիտեմ,— ընդհատեց Արամը դառն հեգնությամբ։

— Գիտես, ավելի վատ քեզ համար: Իմացիր ուրեմն, որ ես այժմ ատում եմ մինչև անգամ իմ հոր գերեզմանը։ Ինչո՞ւ նա ինձ աշխարհ գցեց: Այս, այս այնքան ճշմարիտ է, որքան և այն, որ կազմարարներիդ սոսնձի հոտն ինձ սկսում է արդեն զզվեցնել: Գլխիս ցավից էլ այստեղ կանգնել չեմ կարող: Տուր ինձ երեք ռուբլին: Ես չգիտեմ այսօր քեզ ինչ է պատահել, որ այդպես ուշացնում ես: Առաջ, որ գալիս էի, շտապում էիր շուտով տուրքդ ձեռքս դնել և ինձ ճանապարհ գցել: Տուր, շուտ արա, այսօր դեռ կոկորդս չեմ թրջել: Ուզում եմ մի երկու բաժակ ներս ուղարկել, հետս տանել ամբոխի մեջ։ Տես, այն կողմ նայիր, դու խոմ մեկին տեսար թիկնապահներով քոռ Մաթոսի բաղնիքը գնալիս: Այժմ երկուսին էլ տանում են։ Այ, մտիկ արա, մեկը ուսանող է, մյուսը ատաղձագործ... Հա, հա, հա,— ծիծաղեց արբշիռը բարձրաձայն մի այնպիսի անախորժ ծիծաղով, որից Արամը ցնցվեց ոտից մինչև գլուխ:

Պատահեց մի բան, որին Միսակը չէր սպասել։ Արամի աչքերը լցվեցին արյանով։ Նա գունատվեց: Հետո կարմրեց, հետո կապտեց և հանկարծ, կատվի արագությամբ, հարձակվեց եղբոր վրա և, բռնելով նրա օձիքից, ասաց.

— Լռիր, լռիր, գարշելի, ապա թե ոչ՝ խելքս կորցնում եմ:

Միսակը մի կերպ ազատվեց եղբոր ձեռքից, մի քայլ հետ կանգնեց վախեցած։

— Ի՞նչ պատահեց քեզ, դու իսկ որ խելքդ կորցրիր,— ասաց նա շնչասպառ։

— Արի ներս, փողոցում նայողներ կան, արի ներս, ես քեզ հետ գործ ունեմ, — գոչեց Արամը և բռնելով եղբոր ձեռքից, ուժով քաշեց, տարավ արհեստանոց։