Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/155

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այնտեղ ոչ ոք չկար: Օրը կիրակի էր: Արամի արհեստավորներն ու աշակերտներն ազատ էին։ Առաջին սենյակը, ուր տարավ Արամը եղբորը, ներկայացնում էր կեսընդունարան և կեսարհեստանոց։ Նա քաշեց եղբորը մի մութ անկյուն և, սեղմելով նրան պատին, մի ձեռքով բռնեց նրա օձիքը և ասաց.

— Այսօր դատի օր է, դու պետք է ինձ հաշիվ տաս։

— Բաց թող օձիքս, բաց թող, ասում եմ։ Դու գժվել ես: Ինչի՞ մասին ես ինձանից հաշիվ պահանջում։ Մեր հայրը ժառանգություն չի թողել:

— Թողել է, անիրավ, թողել է,— մռնչաց Արամը, ավելի սեղմելով նրան պատին,— մի մաքուր անուն։ Դու ապականել ես այն։ Հենց այս մասին պիտի հաշիվ տաս։ Եվ այսօր, անպատճառ այսօր։ Ասա այս րոպեին, ո՞ւր է իմ նախկին աշակերտը, այն խելոք, աշխատասեր Հակոբը, որ իր շրջանի պարծանքն էր, ո՞ւր է։

— Բանտում։

— Ինչո՞ւ, անիրավ, ասա, ի՞նչ մեղքի համար։

— Աստված գիտե, ես ի՞նչ իմանամ. ես պրոկուրա՞ր եմ:

— Դո՞ւ չգիտես։ Օ, օ, դու շատ բան գիտես: Մատնիչ…

Տիրեց մի քանի վայրկյան լռություն:

Երկու եղբայր նայում էին միմյանց աչքերին, մեկը համարձակ դատավորի սոսկալի հայացքով, մյուսը ընկճված, բայց լիրբ և անպատկառ։

— Մատնիչ,— կրկնեց Արամը,— խոստովանիր բոլորը, քանի որ լեզուդ բերանումդ է։ Սողուն, ես բոլորը ներել եմ քեզ, բոլորը, բայց այս մեկը, о, о, ոչ, անկարելի է ներել: Դու գերեզման հասցրիր մեր հորը քո խայտառակ կյանքով, ներեցի։ Դու ծեծով ու տանջանքով կնոջդ ստիպեցիր դավաճանել քեզ, ասացի այդ քո գործն է։ Դու մտար գողերի ու սրիկաների շրջանը, ես քեզ խղճացի։ Եվ միշտ օգնում էի: Դու զրպարտել ես ինձ, իմ կնոջն անգամ, գոռալով այս ու այն տեղ, թե մենք զրկել ենք քեզ։ Ես համբերեցի։ Ես քո բոլոր խայտառակությունները տարել եմ համբերությամբ։ Բայց այդ մեկ ախտդ ես ներել չեմ կարող, իրավունք չունեմ ներելու, որովհետև թքում են երեսիս ամեն կողմից: Ես երկար ժամանակ չէի հավատում տարածված լուրին: Չէի ուզում