բույսերով, ծաղիկներով փարթամ, ինչպես մի սքանչելի պարտեզ։ Այնտեղ ձմեռը եղանակը մեղմ է, դուրեկան, ոչ քամի, ոչ փոթորիկ։ Իսկ գարնանը և ամառը բարձրագագաթ ծառների վրա գիշեր-ցերեկ երգում են անթիվ սոխակներ։
Եվ ի՜նչ համեղ մրգեր կան այնտեղ, եթե գիտենաք, ինչ հոտավետ պտուղներ։
Սուտ չի լինի, եթե ասեմ, որ այդ քաղաքը երկրային դրախտ կլիներ, եթե չունենար մի մեծ դժբախտություն, այն երկրաշարժը։
Գիտե՜ք ինչ ասել է երկրաշարժ։
Օ՜, օ, աստված ոչ անի, որ տեսնեք բնության այդ սարսափելի արհավիրքը։
Ես տեսել եմ երկու անգամ մեծ, շատ մեծ երկրաշարժ։ Ամեն անգամ հենց որ երկիրը սկսում է շարժվել, գետնի տակից լսվում է ինչ-որ խուլ թնդյուն: Կարծես այնտեղ թնդանոթներ են արձակում։ Պատերը դիպչում են միմյանց, կենդանիները սարսափած սկսում են վազել դեսուդեն, շները ոռնալով, կովերը բառաչելով, ոչխարները մայելով, ձիերը խրխնջալով։ Մարդիկ փախչում են իրենց տներից փոքրիկ երեխաներին գրկած։ Ամեն ինչ քանդվում է, ավերակ դառնում տներ, եկեղեցիներ, ուսումնարաններ, բոլորը, բոլորը։
Այս է պատճառը, որ մի ժամանակվա հարուստ և փարթամ Շամախին, այսօր այնքան աննշան է, խեղճ, աշխարհում մոռացված։
Բայց, չնայելով սրան, մարդիկ այնտեղ էլի ուրախ են, զվարթ։ Նրանք սրախոս են, սիրում են կատակներ անել, զվարճանալ։ Հարուստ չեն, բայց ինչ որ ունեն, նրանով գոհ են և պառավ կանանց պես չեն տրտնջում։ Բարի մարդիկ են, շատ հյուրասեր, շատ բարեկամասեր։ Բայց մեր մեջ ասած, մի քիչ շատախոս են և պարծենկոտ։
Ահա այդ պստիկ և աննշան քաղաքում եմ ծնվել ես սրանից հիսունուերկու ու կես տարի առաջ, մի գարնանային գիշեր: