Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Քեզ այդպես է թվացել։ Ոչ ոք ինձ չէր բարկացրել։ Ահա տեսա՞ր, Լևոն, ինձ դեռ լավ չես ճանաչում։

Լևոնը նայեց Կավալլարոյի աչքերին այնպիսի պարզ ու խելոք հայացքով, որ կեղծել նրա մոտ անկարելի էր։ Կավալլարոն ձեռը դնելով նրա ուսին, ասաց.

— Չես սխալվում, բարեկամս, երեկ ներկայացումից մի քիչ առաջ ես խոշոր վեճ ունեցա ռեժիսորի հետ։

— Ո՛չ, սինյոր Կավալլարո, ասացեք՝ դիրիժորի հետ,— ուղղեց Լևոնը համարձակ։

— Դու ո՞րտեղից իմացար։

— «Օ՜ Կարլո»-ն երգելիս՝ սինյոր Մարտինին կես տոն բարձր վերցրեց ձեզ շեղելու համար։ Սինյոր Մարտինին բոլորի վերաբերմամբ անաչառ է, բացի իրանից։ Ռեժիսորի պատճառով նա ձեզանից վրեժ չէր առնիլ։ Նա քինախնդիր է միայն յուր անձնական հակառակորդների դեմ։

— Լսո՞ւմ եք, սինյոր,— դարձավ ինձ Կավալլարոն ոգևորված,— այս պատանու բերանով խոսում է ինքր երաժշտական բնազդը և դիտողական ձիրքը։

Լևոնը վեր կացավ, գլուխ տվեց, շնորհակալություն հայտնեց մեզ մեր այցելության համար և շտապեց դեպի դռները։ Այլևս նա այնքան գրավել էր ինձ, որ կամեցա անպատճառ հետը խոսել։

— Հայերեն գիտե՞ք,— հարցրի ես, երևի, հայրենասիրական զգացումից դրդված։

— Գիտեմ։

Նա, ինչպես և յուր մայրը, խոսում էր ռուսերեն լեզվով տաճկական արտասանությամբ։ Իտալացիներից միայն տանտիրուհիս և նրա աղջիկը գիտեին ռուսերեն, նաև Կավալլարոն։ Մյուսների հետ Լևոնը խոսում էր իտալերեն։

Մի քանի հարցեր տվեցի նրան պարզ հայերեն լեզվով։ Նա ապշած նայեց երեսիս և ժպտաց։

— Չե՞ս հասկանում,— դարձա ես ռուսերեն լեզվի օգնությանը։

— Այդ լեզուն եկեղեցական է,— խոսեց նա տաճկերեն լեզվով,— իմ իմացած հայերենն ահա այս լեզուն է։

Ինձ համար նորություն չէր Բեսարաբիայի հայերի