Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/209

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Էհ,— դարձավ իշխանը կոնդուկտորին, ձեռը զարկելով նրա ուսին,— ներողություն խնդրիր...

— Խնդրում եմ։

— Դե՛հ, վերջացավ, դե գնա...

— Շնորհակալություն հայտնեցեք իշխանին, գնացեք և այսուհետև լավ ճանաչեցեք ճամփորդներին,— ներեց Ալթունովն իսկ և իսկ հրամանատար ժեներալի տոնով։

— Շնորհակալ եմ,— արտասանեց կոնդուկտորը և դուրս գնաց։

Իշխանը վերցրեց ուսի տառատոկը, քաշ արավ պատին, նստեց և իր ահագին ոտները դրեց իմ նստարանի վրա։

Ինձ թվաց, որ նորին պայծառափայլությունը մի տեսակ արհամարհանքով և վերաբերվում դեպի հասարակ մահկանացուները, ուստի, նրա հպարտությունը չգրգռելու համար երեսս դարձրի լուսամուտի կողմ և սկսեցի դիտել շրջակա ամայի դաշտերը և լերկ լեռները։ Բայց շուտով պարզվեց, որ նա վերին աստիճանի պարզ մարդ է և բնավ չի պարծենում իր իշխանական տիտղոսով։

Հայտնվեց նաև, որ նրա ազգանունը Մերկվելիձե է, որ նույնպես կալվածատեր է և որ նրա կալվածքը նույնպես Քութայիսի նահանգումն է։

Ես կարծեցի, որ Ալթունովը, հանգամանքից օգտվելով, անմիջապես կսկսի խոսել իր ութ հազար դեսյատին վարելահողի ու անտառի մասին, մանավանդ որ իշխան Մերկվելիձեի հարևանն է։ Ամենևին․ նա այդ մասին բառ անգամ չարտասանեց, չնայելով, որ «գյուղացիներն այրել էին նրա անտառները»։

Սակայն այդ բնավ նրան չխանգարեց խոսակցության ուրիշ նյութեր գտնելու և գրավելու իշխանի բարեկամությունը։ Սկսեց նա հայտնել իր անսահման սերն ու հարգանքը համայն վրաց ազգին՝ առանց որևէ դասակարգի բացառության։ Ամենից շատ նա գովեց ու գովաբանեց ազնվականությունը, համարելով նրան «ասպետականս դասակարգ։ Շատ անփույթ ձևով հիշեց մի շարք հայտնի իշխանական անուններ, որոնց հետ վաղուց շատ վաղուց «դու»-ով է խոսում և որոնք ուրիշ կերպ չեն անվանում նրան, եթե ոչ «մեր թանկագին Արշակը»։