Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/210

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նկարագրեց մի շարք քեֆեր, դուդուկով ու զուռնայով «Եդեմ» և «Ֆանտազիա» այգիներում։

Պարզվեց ինձ համար, որ իշխան Մերկվելիձեն բացի պարզ մարդ լինելուց, զերծ է ազգայնական տենդենցներից և բոլոր ազգերին ու ազգություններին վերաբերվում է հավասար անտարբերությամբ։

Սակայն անհանգիստ Ալթունովն այնուամենայնիվ չկամեցավ դադարել շոյելու իշխանի ազգայնական ինքնասիրությունն ու ասաց.

— Բայց, ձերդ պայծառափայլություն, ե՛ս դարձյալ կասեմ, որ հայերը մեղավոր են վրացիների առջև։

— Ինչու՞, կացո՛,— հետաքրքրվեց իշխանը, վերցնելով ահագին գդակը և շպրտելով մի կողմ այնպես, որ կարծես այլևս հարկավոր չէր իրեն։

— Խոսքս մեր կապիտալիստների մասին է։ նրանք կլանում են Վրաստանը, օգտվելով ազնվականների նեղ վիճակից և մեկը մյուսի ետևից գնելով նրանց տոհմական կալվածները։

— Այդ ճիշտ չէ, ճիշտ չէ,— գոչեց իշխանը, հանկարծ տաքանալով,— մեղավորը ոչ հայերն են, ոչ օտարները։ Կացո, հանգամանքներն են մեղավոր, մեկ էլ ինքներս վրացի ազնվականներս։

— ինչպե՞ս,— հարցրի ես։

— Այնպես, մենք ծախում ենք, կապիտալիստները գնում են։ Որ չծախենք, ո՞վ կարող է զոռով գնել։

— Բայց ինչո՞ւ են գնում,— ասաց Ալթունովը,— հայերը չպիտի գնեն։

— Խնդրում, աղաչում ենք գնել, վաա՜,— ավելի տաքացավ իշխանը,— օրինակ, մեկը ես։ Տասնհինգ տարի է բանկին տոկոսներ եմ վճարում, քանդվեցի, վա՜։ Պարտքերի մեջ ա՛յ, մինչև կոկորդս եմ խրվել։ Վճռեցի, վերջապես, կալվածքս ծախել։ Սատանան տանի, գոնե մի երկու տարի կուշտ կապրեմ ու այդ անպիտան գյուղացիներից կազատվեմ։ Առաջարկեցի բանկին վերցնել իր իսկական գնով — մերժեց։ Առաջարկում եմ գյուղացիներին պակաս գնով — մերժում են։ Փող չունենք, ասում են, վա՜, ես մեղավո՞ր եմ, որ նրանք փող չունեն։ Ինձ էլ հենց փող է հարկավոր ապրելու համար, ազգասիրությունը