ինչի՞ս է պետք։ Այժմ ինձ հարցրեք, ո՞րտեղից եմ գալիս և ո՞ւր եմ գնում։
— Երևի Բաքու եք գնում,— ասացի ես։
— Հաա՜, հա, իսկ և իսկ Բաքու։ Ինչո՞ւ եմ գնում, կացո՛, կարո՞տել եմ նրա մազութի հոտին։ Գնում եմ կալվածքս մեկին առաջարկելու:
— Ով է այդ մեկը,— հարցրեց Ալթունովը։
— Նավթա-արդյունաբեր Մարալյանցը, նա փող շատ ունե։ Անցյալ տարի նա Եվլախի մոտ գնեց մի մեծ կալվածք։ Լսեցի, որ այժմ այնտեղ է։ Երեկ Քութայիսից եկա նրան տեսնելու, չկար։ Ասացին՝ գնացել է Բաքու։ Հիմա վազում եմ այնտեղ։ Դե՛հ, ուրեմն, էլ ի՞նչ մեղք ունեն հայերը կամ ուրիշները։ Եթե կամենաք, մենք դեռ շնորհակալ ենք նրանցից, որ չեն թողնում բանկերին մեր կալվածներն աճուրդով կես գնով վաճառելու։
Ալթունովը լուռ էր։
Բայց ինձ համար միանգամայն անհասկանալի էր այն, որ մի ակնարկ անգամ չարավ իր Բութայիսյան կալվածքի մասին։ Այս բանն ինձ այնքան հետաքրքրեց, որ չկարողացա ինձ զսպել և հարցրի.
— Ասա՛, խնդրեմ, պարոն Ալթունով, ձեր կալվածքը, որ նույնպես Քութայիսի նահանգումն է գտնվում, տոհմակա՞ն է, թե՞ վրացիներից գնված։
Նա թեթև ցնցվեց և նայեց ինձ մի տեսակ կես-կատաղի ու կես-աղերսական հայացքով։
— Ի՞նչ,— գոչեց իշխան Մերկվելիձեն, ձեռը բարեկամաբար դնելով Ալթունովի ուսի վրա,— դուք էլ ե՞ք կալվածատեր։
— Այո,— պատասխանեցի ես հայրենակցիս փոխարեն,— պարոն Ալթունովը Քութայիսի նահանգում ունե ութ հազար գեսյատին մի կալվածք, որի կեսը վարելահող է, մյուս կեսը անտառ։ Թեև անտառները գյուղացիների ձեռքով այրված են ու կտրատված, բայց այնտեղ մեծ քանակությամբ կաքավներ ու փասյաններ կան։
— Ութ հազար դեսյատի՞ն,— գոչեց իշխան Մերկվելիձեն ապշած,— կացո՛, այդ տեսակ մեծ կալվածք Քութայիսի