Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/212

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նահանգում ոչ ոք չունե։ Բայց չէ, կարելի է մի քանի կալվածքներ գնել եք ու միացրել։

— Այո՛, ոչինչ, դատարկ բան է,— արտասանեց Ալթունովը անորոշ և դարձյալ նայեց երեսիս։

— Սակայն սպասեցեք,— ուշքը ժողովեց իշխանը,— ես Քութայիսի նահանգի բոլոր կալվածատերերին անձամբ մի առ մի ճանաչում եմ։ Որքան հիշում եմ, այնտեղ Արկադիյ Մարկովիչ Ալթունով անունով կալվածատեր չկա, այն էլ ութ հազար դեսյատին ունեցող։

Այս անգամ ես նայեցի Ալթունովի երեսին, խոստովանում եմ, ոչ առանց նենգության։

Հանկարծ նա գլուխը բարձրացրեց և ականջ դրեց դեպի դուրս։

— Ա՛հ,— գոչեց, արագությամբ ոտքի ելնելով,— այդ ի՞նչ աղմուկ է։ Կարծեմ կանայք օգնության են կանչում։

Ես մի ոստումով դուրս վազեցի կուպեից։

— Օգնությո՜ւն, գալիս եմ, գալի՜ս եմ,— գոչեց իշխանը ահեղ ձայնով և ձեռը տարավ դաշույնին։

Դուրս եկանք նրբանցք։

Ոչինչ չկար։ Այնտեղ երկու դեռահաս օրիորդներ և մի պատանի բարձրաձայն ծիծաղում էին։ Պարզվեց, որ նրանց ծիծաղի առարկան մի թուրք կին է, որ անցնում է դաշտով ձի նստած, երկու երեխա գրկում պահած և երրորդին ձիու գավակին կապած։

— Ա՛հ,— ասաց Ալթունովը, ինքն էլ ծիծաղելով,— այնպիսի աղմուկ էր, որ ես կարծեցի ավազակներ են հարձակվել և խեղդում են... կանանց… հասկանո՞ւմ եք, կանանց...

— Կացո, այստեղ ավազակներն ի՞նչ գործ ունեն,— գոչեց իշխան Մերկվելիձեն,— ինձ էլ զուր անհանգստացրիր:

— Գիտե՛ք, ձերդ պայծառափայլություն,—արդարացավ հայրենակիցս,— այս ճանապարհի վրա ամեն բան սպասելի է: Վերջերս ավազակությունն այնքան է զարգացել, որ սրիկաները երկաթուղու գնացքներն են կանգնեցնում և ճամփորդներին կողոպտում։

— Ճիշտ է,— համաձայնվեց իսկույն իշխանը, չգուշակելով Ալթունովի խորամանկությունը, որ ինձ էլ խաբեց։