ուռած կոպերը նրա կանացի գեղեցկությանը տալիս էին առնական հպարտություն։ Ինչպե՜ս էր սազում սպիտակ շուլլահին նրա սևաթույր թանձր ու գանգուր մազերին, որոնց անհնազանդ գիսակները արձակվում էին նրա լիք-լիք վարդագույն այտերի վրա։ Ինչպե՜ս էր սազում նրա հաստլիկ, հեշտասեր շրթունքներին ու գեղեցիկ փղոսկրյա ատամներին։
Հիշում եմ, մի երեկո ես հորաքրոջս մեր տնից իր տունն ուղեկցելուց հետո՝ լապտերը ձեռքիս վերադառնում էի վախվախելով։ Մարջանը կանգնած էր մեր փողոցի անկյունում, շրջապատված իր ընկերներով: Գլուխը բարձր պահած, մի ոտն ուղիղ, մյուսը թեք դրած, ձախ ձեռը հենած հրացանի խողովակին, աջը դաշույնի դաստակին, նա լսում էր իր ընկերներից մեկի ինչ-որ պատմությունը։
Մանկական հետաքրքրությունը, որ համեստությունն ու երկյուղը մոռացնելու չափ զորեղ է, դրդեց ինձ մոտենալ Մարջանին, նրա կերպարանքն ավելի լավ տեսնելու համար։ Ես համարձակվեցի մինչև անգամ լապտերս բարձրացնել գլխիցս վեր և նրա լույսը ձգել Մարջանի երեսի վրա։ Սկզբում ես ոչ ոքի ուշադրությունը չգրավեցի: Երբ լապտերիս լույսը խտղտեց Մարջանի աչքերը, նա ծիծաղելով ասաց.
— Տղա, այդ ի՞նչ ես անում։
Նրա ձայնը կրծքային էր, կես-առնական, խրոխտ, բայց ոչ կոպիտ և ոչ երկյուղալի։
Այնուամենայնիվ ես վախեցա և, հայդա, փախա։
— Բռնեցեք ավազակին,— գոչեց Մարջանն ավելի բարձր ծիծաղելով։
Ոտքերս երկյուղից թուլացան, և, ինձ բռնելով, տարեցին Մարջանի մոտ։
— Ադա, դու ո՞ւմ տղեն ես,— հարցրեց նա, մի քիչ թեքվելով դեպի ինձ։
Ես կակազելով ասացի հորս անունը։
— Հաա՜, ճանաչում եմ հորդ։ Նա լավ մարդ է։ Բայց ասա նրան, որ մորդ լավ պահե։ Գնա։
Ես մի շնչով վազեցի մինչև տուն և դողալով ու հևալով՝ անցքը պատմեցի տատիս։ Նա կատաղեց և իր ճերմակ գիսակները