շրթունքների տակից սպիտակ, մաքուր, առողջ ատամների շարքերը։
— Լռի՛ր,— գոչեց Մագդալինան, անկեղծ վրդովվելով,— ինձ անհանգստացնում է երեխաների վիճակը։
Աբգարը բացատրեց, թե երեխաները կպահվեն ավելի լավ քան մինչև այժմ։ Պատերազմի ժամանակ զինվորականների ռոճիկներն ավելացվում են։ Մագդալինան կստանա Աբգարի այժմյան ամսականը, իսկ ավելացումը նրան բավական է։ Պատերազմի վայրում փող ծախսելու համար մեծ պետքեր չկան։ Այնուհետև, չէ՞ որ նրա հայրական երկու զույգ կիսախարխուլ խանութների վարձքն էլ կա Մագդալինայի համար։
— Ես այդ մասին չեմ մտածում,— ընդհատեց Մագդալինան,— այլ... — Այլ ի՞նչ:
— Ես երևակայել չեմ կարող, թե ինչպես կարելի է առանց քեզ ապրել։ Երեխաներն առանց իրենց հո՜ր... ոչ, ոչ, դու ամեն բան կատակ ես դարձնում։ Լավ մտածիր։ Նրանք կարող են քո կարոտից հիվանդանալ, կարող են մինչև անգամ...
— Լավ, մի՛ երկարացնի,— ընդհատեց Աբգարը,— երեխաներն առհասարակ շատ հեշտ են ընտելանում իրենց վիճակի փոփոխությանը: Անցյալի հիշատակը նրանց համար վառոդի ծուխ է, կար և վայրկյան չանցած՝ չքացավ։
Եվ նա շարունակեց համոզել Մագդալինային հաշտվել հանգամանքների հետ։ Կան մարդու համար պարտականություններ, որոնց կատարելը բարձր է, քան ամեն մի երջանկություն, քան նույն ինքը կյանքը։ Նա շատ ուրախ է, որ, վերջապես, թշնամու երես պիտի տեսնե։ Լինել զինվորական ամբողջ 15 տարի և վառոդի հոտ չզգալ, ամոթալի է։ Իսկական զինվորականը նա է, որ հոգին պատերազմի դաշտումն է ավանդում: Գոնե նրա զավակներն ապագայում պարծանքով կասեն, որ իրենց հայրը մեռավ ինչպես մարդ և ոչ թե սատկեց ինչպես պառավ աքաղաղ հավաբնում։
Մագդալինան հոգու խորքում մի առ մի հերքեց Աբգարի բոլոր առարկությունները, այնքան վայրենի էր նրա համար