սպանելու կամ սպանվելու գաղափարը։ Բայց չհակաճառեց։ Նա զգաց, որ ներկա դեպքում հակաճառությունը կլինին ապարդյուն և ոչ պատվաբեր մի տակավին երիտասարդ զինվորականի կնոջ համար։
Հետևյալ առավոտից նա սկսեց զբաղվել Աբգարի ճերմակեղենը կարգի բերելով։ Հետզհետե նա հաշտվեց պատերազմի անհրաժեշտության մտքի հետ, որ այնքան ջերմեռանդ պաշտպանում էր Աբգարը, և այլևս դադարեց բողոքել ճակատագրի դեմ։
Ուղևորության օրը Մագդալինան երեխաների հետ գնաց երկաթուղու կայարանը Աբգարին ճանապարհ դնելու։ Նա կարողացավ կատարել ամուսնու խիստ պատվերը՝ հրաժեշտի պահին ոչ միայն լաց չլինել կամ տխուր դեմք ցույց չտալ, այլև աշխատել երևալ ուրախ ու զվարթ...
— Դու գիտես, որ ես մի քիչ հայրենասեր եմ,— ասաց Աբգարը կեսլուրջ և կեսկատակով.— չեմ ուզում, որ օտարները կարծեն, թե հայ կինը պակաս քաջ է, քան մյուս ազգերի կանայք։
Եվ նա հիացավ Մագդալինայի սառնասրտությամբ, երբ հասավ հրաժեշտի վերջին րոպեն։
Բայց երբ Մագդալինան տուն վերադարձավ, երբ աղախինը սամովարը ներս բերեց, երբ երեխաները, կարծես բնազդաբար գուշակելով իրենց մոր հոգեկան դրությունը՝ լուռ նստեցին սեղանի քով, երբ այլևս չերևաց Աբգարի միշտ պայծառ, միշտ կենսախինդ, միշտ ժպտուն դեմքը, երբ չլսվեց նրա քիչ խուլ, բայց մեղմ, համակրելի բարիտոնը, մի անսովոր, ծանր վիշտ համակեց նրա հոգին։ Թվաց նրան, որ այն, ինչ որ եղել է ինը տարի շարունակ, անցավ, գնաց անվերադառնալի, որ մի ինչ-որ աներևույթ զորություն մի ուժգին հարվածով կտրեց նրա գոյության սովորական ընթացքը, որ այնքան սահուն էր, այնքան անաղմուկ և երջանիկ իր անգունության մեջ։ Թվաց նրան, որ այդ օրից առմիշտ անհետացավ խաղաղության հովանավոր հրեշտակն այս համեստ,