Ընդունարանում, ուր նստած էին մի քանի կանայք տխուր դեմքերով, ձեռներում ունենալով զանազան կապոցներ, նրան դիմավորեց մի բարձրահասակ մարդ շատ նիհար դեմքով և ալեխառն մորուքով։
— Ներեցեք, տիկին,— ասաց նա, որ ինքը դոկտոր Վարազդանովն էր,— որ ես ձեզ նեղություն պատճառեցի, բայց այդ իմ կամքով չէր, այլ...
Դոկտորը մի վայրկյան, կանգ առավ, տատանվեց, ապա իր չոր-չոր ու երկայն մատներով ուղղելով ակնոցը՝ աավելացրեց.
— Նախքան մյուս սենյակ անցնելը, պատրաստվեցեք լսելու մի շատ ուրախ լուր... Ձեր ամուսինը, որին սպանված էիք համարում, կենդանի է։
— Կենդանի՞ է,— կրկնեց Մագդալինան իր լսողությանը չհավատալով...
— Այո, տիկին, կենդանի է և գտնվում է հարևան սենյակում։
— Բայց, դոկտոր, դուք այդ ուրախ լուրն այնքան էլ ուրախ եղանակով չեք հաղորդում ինձ...
— Մենք, բժիշկներս, պարտավոր ենք նման դեպքերում թաքցնել և՛ մեր ուրախությունը, և՛ մեր տխրությունը,— խույս տվեց ուղիղ պատասխանից դոկտոր Վարազդանովը։
— Ես ուզում եմ նրան տեսնել իսկույն ևեթ,— հուշեց Մագդալինան, քայլերն ուղղելով դեպի դռները։
— Մի րոպե,— արգելեց բժիշկը։ Բռնելով նրա թևը։
Նա գնաց հարևան սենյակը, դռները ծածկելով իր ետևից։ Մի րոպե չանցած, վերադառնալով, ասաց.
— Այժմ կարող եք գնալ։ Միայն խոսք տվեք, տիկին, որ ինչ էլ որ տեսնեք, պիտի զսպեք ձեզ և աշխատեք չսաստկացնել ձեր ամուսնու հուզմունքը։ Տալի՞ս եք ազնիվ խոսք։
— Տալիս եմ։— ասաց Մագդալինան դրական եղանակով, իրավ որ զսպելով իրեն։
Դոկտորը դռները բաց անելով, ասաց.
— Մտեք։