Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/289

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
***

Սենյակը, ուր մտավ Մագդալինան, բավական ընդարձակ էր և խիստ լուսավոր։ Երկու լուսամուտներից մեկի առջև, ձյունի նման ճերմակ պատի տակ, դրված էր մի մաքուր անկողնակալ:

Ներս մտնելով, Մագդալինան մի վայրկյան նայեց աջ ու ձախ, առաջին պահ ոչինչ չնկատելով լուսո առատության պատճառով։ Գթության քույրը, որ լուռ կանգնած էր լուսամուտի առջև, գլխի նշանով ցույց տվեց նրան անկողնակալը։

Մագդալինան մոտեցավ։ Այնտեղ պառկած էր Աբգարը, ճերմակ վերմակով ծածկված մինչև կոկորդը։ Նա լուռ ժպտում էր այն վայրկյանից, երբ Մագդալինային տեսավ։ Եթե չլիներ այդ բնորոշ ժպիտը, որ երևան հանեց նրա գեղեցիկ ատամների շարքերը, հազիվ թե Մագդալինան առաջին պահ նրան Աբգարի տեղն ընդուներ․ այնքան կերպարանափոխվել էր պորուչիկը։ Նրա մորուքը բավական երկարացել էր և տեղ-տեղ ճերմակել։ Նրա մի ժամանակվա լիք-լիք զվարթ դեմքը նիհարել էր, գունատվել և ծածկվել խոր խորշերով։

Հիշելով դոկտոր Վարազդանովին տված խոսքը, Մագդալինան ճիգն արավ և կարողացավ զսպել այն սուր ճիչը, որ պատրաստ էր դուրս ժայթքելու ամիսուկեսվա տառապանքներից հոգնած կրծքից։

Նա միայն արտասանեց.

— Աբգա՜ր։

Եվ, թեքվելով, համբուրվեց նրա հետ։

— Նստիր,— ասաց Աբգարը առաջվա խռպոտ բարիտոնով, որ սակայն մի փոքր վայրենացած թվաց Մագդալինային։

Գթության քույրն աթոռ մոտեցրեց և ինքը շտապեց դուրս գալ սենյակից։ Մագդալինան նստեց։

— Դեհ, պատմիր, այդ ի՞նչ սոսկալի թյուրիմացություն էր,— արտասանեց նա հուզված ձայնով, հազիվ կարողանալով երևալ արի։— Ես քեզ սպանված էի համարում։

— Գիտեմ, դու մինչև անգամ հոգեհանգիստ ես կատարել և սգազգեստ հագել։ Բայց նախ և առաջ ասա՝ երեխաներն առո՞ղջ են: