— Իմ սպանման լուրը,— ասաց Աբգարը, մի քանի վայրկյան լռելուց հետո,— այն հասարակ սխալներից է, որ շատ սովորական են պատերազմի, մանավանդ այդպիսի պատերազմի ժամանակ։
— Իսկ դու, որ գիտեիր, թե ի՞նչ վիշտ կարող է ինձ պատճառել քո մահվան լուրը, ինչո՞ւ չհերքեցիր։
— Ես իմացա այն ժամանակ, երբ հերքելն ուշ էր, որովհետև իմ հերքումից առաջ ես կարող էի այստեղ գալ։
— Բայց ինչո՞ւ վերջին ժամանակները նամակ չէիր գրում։
— Չէի կարող գրել, որովհետև շարունակ կռիվների մեջ էի։
— Դու ծա՞նր ես վիրավորված։
Աբգարը տատանվեց իսկույն պատասխանել։ Հայացքը հեռացնելով Մագդալինայից՝ նա արտասանեց.
— Իմ վերքերն արդեն բուժվել են։
— Բոլորովի՞ն․․․
— Բոլորովին,— պատասխանեց Աբգարը ծանր հառաչելով, և նրա աչքերը լցվեցին արցունքով։
— Բայց ինչո՞ւ համար ես այստեղ պառկած։ Ինչո՞ւ ուղղակի տուն չես եկել։ Աբգար, դու արտասվում ես, ի՞նչ գաղտնիք ունես, ասա։
— Ոչինչ, ոչինչ,— պատասխանեց Աբգարը, աշխատելով ժպտալ արցունքի միջից։
— Ոչ, ոչ ասա։ Կա մի բան, որ ինձանից թաքցնում ես։ Ես զգում եմ այդ։ Դու ինձ խաբել չես կարող։ Ասա, ես ուզում եմ իմանալ՝ ինչ էլ որ լինի, հասկանո՞ւմ ես, ինչ էլ որ լինի:
— Խոսք տուր ինձ, որ դու կզսպես քեզ, եթե հայտնեմ։
— Տալիս եմ։
— Խոսք տուր ինձ, որ չես զզվի ինձանից, ինչ որ էլ տեսնես։
— Լռիր, դու վիրավորում ես քեզ և ինձ։
— Բաց արա մի փոքր կուրծքս։
Մագդալինան զգուշությամբ մի փոքր հեռացրեց Աբգարի կրծքից վերմակի ծայրը։ Հողագույն կիտելի վրա երևաց մի սպիտակ խաչ։