Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/295

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այդ կոպիտ ռամիկը, մինչև այժմ նրան չի արտաքսել։ Ամեն օր գալիս է, սուրճ խմում, նազուքները խփշտում ու հայդա․․. Ահա դարձյալ․․․

Եվ, խոսքը չավարտած, սպասուհին հեռացավ շտապ քայլերով։ Այդ միջոցին Պյոտր Պետրովիչ Փեփինյանցը, որ մենակ էր նստած սեղանի քով, շտապ-շտապ կերել խմել ու հեռանում էր սովորական արագ քայլերով։

— Պյո՛տր Պետրովիչ,— գոչեց Նադյան, վազելով նրա ետևից,— կացեք, Պյոտր Պետրովիչ, վճարեցեք, հետո...

— Լա՛վ, լավ, հետո, ժամանակ չունեմ,— ասաց Պյոտր Պետրովիչն առանց ետ նայելու։

Եվ վազեց փողոց այնպես արագ, որ նրա անձրևանոցի ձողերից մեկը, դիպչելով դռների շրջանակին, կոտրվեց։

— Անիծվի քեզ նման հաճախորդը,— արտասանեց սպասուհին, կատաղելով,— էլի փախավ գող կատվի պես։ Եվ ինչպես չի ամաչում իր սյուրտուկից ու գլխարկից։

Բոլոր սպասուհիները միաձայն ծիծաղեցին։ Բարեբախտաբար, սրճարանում, բացի ինձնից, հաճախորդներ չկային: Ես հետաքրքրվեցի այդ տեսարանով։

— Տեսա՞ք ինչ արավ անիրավը,— նորեն մոտեցավ ինձ Նադյան,— քանիերորդ անգամն է այս։ Ամեն օր գալիս է, նստում է պատվավոր պարոնների հետ, պահանջում է, լակում, լափում ու ծլկվում։ Ուրիշներն են վճարում նրա համար։ Իսկ երբ ծանոթներ չկան, էլի պահանջում է։ Երկու անգամ էլ ես եմ վճարել նրա համար։ Ոչ, այլևս նրան ոչինչ չեմ մատուցանելու։ Անամո՛թ, սրիկա՛, թյու՜...

— Ինչպե՞ս եք համարձակվում սրիկա անվանել մի այդպիսի պատվավոր պարոնի,— ասացի ես դիտմամբ, որպեսզի ավելի խոսեցնեմ սպասուհուն։

— Պատվավո՜ր,— կրկնեց Նադյան հեգնորեն,— լսեցի՞ք, Մաշա, Ժենյա, պարոնը Պյոտր Պետրովիչին պատվավոր մարդ անվանեց։ Պարոն, մի՞թե պատվավոր մարդը թույլ կտա, որ ինձ նման մի խեղճ սպասուհի իր փոխարեն վճարե սուրճի փողը։

— Իհարկե Պյոտր Պետրովիչը պատվավոր մարդ է,— պնդեցի ես,— չե՞ք լսում, ինչպես նա ամեն օր մի քանի անգամ