Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երեկվա աջողության համար... Ծաղիկներ էի տարել։ Հրավիրեց ներս, կոֆեով հյուրասիրեց։ Բավական խոսեցինք... հարցնում էր՝ ինչքան եմ վաստակում։ Խաբեցի, ասացի՝ հայրս ժառանգություն է թողել։ Վախենում էի, որ փող առաջարկի ինձ։ Նա նվիրեց ինձ յուր լուսանկարը։ Ես համբուրեցի նրա ձեռքը, նա էլ իմ ճակատը։ Օ՜օ, սինյոր, ես շատ երգչուհիներից ունեմ այդպիսի նվերներ, ահա՛, այն ալբոմը լիքն է...

Եվ այս վարձատրությամբ նա գոհ ու երջանիկ էր։

— Բայց ես մի լուսանկար ունիմ,— շարունակեց նա,— աչբոմում չեմ պահում։ Մայրս սպառնում է բոլորն այրել, վախենում եմ այս մեկն էլ այրի․․․ իսկույն ցույց կտամ...

Նա բարձրացավ տեղից, պիջակի գրպանից հանեց մի ծրար, ծրարի միջից թանկագին լուսանկարը։ Ես կարդացի հետևյալ մակագիրը. «Իմ ապագա երկրպագուին Լուիզա»։

— Օ՜հ, ճիշտ է, բոլորովին ճիշտ, սինյոր։ Ես նրա ապագա երկրպագուն կլինեմ։ Լուիզան փայլուն ապագա ունի. կտեսնեք, սինյոր, կտեսնեք... Բայց այս ի՞նչ է, գլուխս պտտեց, պառկեմ...

Երբ տիկին Ալմաստը— Լևոնի մայրը— ներս մտավ, խորհուրդ տվեցի բժիշկ հրավիրել։ Լևոնը գլուխը բարձրացրեց, նստեց անկողնում։ Ի՞նչ բժիշկ, ո՞վ է հիվանդ, հարկավոր չէ բժիշկ... Ես հասկացա նրա միտքը, վախենում էր, որ բժիշկն արգելի նրան տնից դուրս գալու։

— Երեկոյան յոթ ժամին երրորդ անգամ բարձրացա վերև և նրան չտեսա։ Տիկին Ալմաստն ասաց, թե իմ դուրս գալուց հետո թաքուն հագնվել է ու փախել․․․

Անմի՜տ պատանի. նա վտանգի էր ենթարկում յուր կյանքը։ Ես իսկույն դուրս եկա փողոց. գիտեի ուր կարող է լինել։ Հանդիպեցի նրան թատրոնի մուտքի առջև։

— Պարոններ, չե՞ք կամենում պրոգրամ գնել,— դիմում էր նա անցորդներին, աոաջարկելով նույն օրվա ներկայացման ծրագիրը։

Մարդիկ անցնում էին անտարբեր, անգամ չնայելով նրան, իսկ ոմանք կոպտությամբ գոռում էին. «գնա՛, կորի՛ր»։ Եվ Լևոնի հպարտ հոգին կրում էր այդ վիրավորանքները