Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համբերությամբ։ Իմ սիրտը մորմոքվեց, երբ նայեցի նրա կապտած դեմքին։

— Գնա՛ տուն, գնա՛,— խնդրեցի ես,— դու բոլորովին հիվանդ ես․..

— Ո՞վ ասաց հիվանդ եմ։ Մա՞յրս։ Նա միշտ կամ իրան է հիվանդ երևակայում, կամ ինձ։ Այս երեկո նոր օպերա է ներկայացվում, ես տո՞ւն գնամ։ Ո՛չ, սինյոր, ահա իմ տունը...

Նա ցույց տվեց թատրոնը և ժպտալով հեռացավ։ Հեռվից լսում էի նրա ձայնը.

— Պարո՛ն, պրոգրամ, պրոգրամ, չե՞ք կամենում, նոր օպերա է, հետաքրքրական, պրոգրամ, հատը տասը կոպեկ...

Մյուս օրն առավոտյան դարձյալ բարձրացա վերև և էլի նրան անկողնում տեսա։ Միևնույն տանը բնակվում էր մի հրեա բժիշկ։ Շտապեցի նրան հրավիրել։ Քննեց հիվանդին, դրեց ինչ֊որ դեղ։ Երկու օր հազիվ կարողացանք Լևոնին տանը պահել, երկրորդ երեկո լաց եղավ, երբ արգելեցինք թատրոն գնալ։ Բարեբախտաբար, երրորդ օրը տաքությունն անցավ։

Ձմեռային սեզոնը վերջացավ։ Իմ հարևան արտիստները հենց մեծ պասի առաջին օրն ուղևորվեցին իրենց հայրենիքը։ Այդ օրը տխուր էր ոչ միայն Լևոնի, այլև ինձ համար. այնքան արդեն վարժվել էի հարևաններիս շրջանին։

Մենք մինչև կայարան ուղեկցեցինք իտալացիներին։ Հրաժեշտ տալիս՝ Կավալլարոն երեք անգամ բարեկամաբար համբուրվեց Լևոնի հետ...

Հենց նույն օրը Լուիզան ինձ ասաց, թե ինքն էլ ամենաուշը մի ամսից ուղևորվելու է Իտալիա։ Հարցը վճռված էր. սինյորա Ստեֆանիան վաղուց էր հաշտվել աղջկանից բաժանվելու մտքի հետ։

Երբ հայտնեցի Լևոնին Լուիզայի ուղևորության մոտալուտ ժամանակը, ինձ այնպես թվաց, որ լուրը նրա վրա առանձին տպավորություն չգործեց։ Գուցե այդ նրանից էր, որ նույն օրերը նա առհասարակ շատ տխուր էր տրամադրված։ Մեծ պասի առաջին շաբաթն էր, թատրոնները փակ էին։ Լևոնն ամեն օր գնում էր քաղաքային թատրոնի շուրջը