Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/329

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեկի համար, որ ոչ ոքի տանջանքը հասկանալ ու զգալ չէր կարող, որովհետև նա ինքն էր մարմնացած տանջանք։

Բժիշկ Ախուրյանը մի անգամ ևս լռեց։

Մեր շուրջն այժմ տիրում էր համեմատական հանդարտություն։ Սրճարանը գրեթե դատարկվել էր։ Հաճախորդներն անցել էին սեղանատուն։ Պարիզը ճաշում էր, միակ ժամը օրվա ընթացքում, երբ խլացուցիչ աղմուկը մեղմանում է քիչ թե շատ։

Բժիշկը նայեց ժամացույցին ու ասաց.

— Օօ, արդեն ուշ է։ Կարծեմ ես շատ երկարացրի։

— Լսում եմ ձեզ ավելի մեծ հետաքրքրությամբ։ — ասացի ես առանց կեղծելու։

— Արդեն մոտենում եմ վերջին,— արտասանեց բժիշկը և վառեց մի նոր ծխախոտ։

V

— Այսպես, ուրեմն,— շարունակեց նա,— ես սիրում էի անսահման մի ցնորվածի և ինքս մերձ էի խելագարության։ Աստված իմ, գեթ մի անգամ տեսնեի նրան մոտիկից, գեթ մի անգամ լսեի նրա ձայնը։ Գուցե հիասթափվեի ու արթնանայի մղձավանջից։ Կամ ո՜վ գիտե, գուցե կարողանայի նրա քայքայված հոգու մեջ գտնել մի առողջ թել, շոշափեի նրան իմ սիրո ջերմությամբ։ Ո՜վ գիտե, գուցե դեռ կա միջոց նրան փրկելու։ Ինչո՜ւ այդ բռնակալը չի թողնում ոչ ոքի մոտենալ նրան։ Մի՜թե չի հասկանում եսամոլը, որ իր տեսքն ավելի բարդացնում է Ալինայի վիշտը, ուրեմն և ավելի զորեղացնում նրա հիվանդությունը։ Մի՜թե չի ըմբռնում, որ վիրավորի վերքն ավելի է կսկծում, երբ նրա աչքերի առջև է դաշույնը։ Չի՜ պատահել, որ տարիներով ցնորվածի բանականությունը վերադարձել է հանկարծակի, անսպասելի մի որևէ երջանիկ պատահարից, հոգեկան մի ցնցումից։ Այո, այո, շատ է պատահել, ես կարդացել եմ բժշկական գրքերում, լսել եմ պսիխիատրներից։

Այս էր միակ առանցքը, որի շուրջը պտտում էին բոլոր