Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/330

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իմ խոհերը, բոլոր իմ զգացումները, ոչ միայն արթուն ժամանակ, այլև գիշերային երազներիս մեջ:

Բայց, ավաղ, ճակատագիրն ինձ չէր վիճակել տեսնել նրան մոտիկից, խոսել նրա հետ…

Լսեցե՛ք։ Մի օր բարձրահասակ մարդը տնից դուրս եկավ, բայց լուսամուտը չբացվեց։ Նա չբացվեց և հետևյալ օրը։ Իսկ երրորդ օրն արդեն վաղ առավոտից բացվեցին բոլոր լուսամուտները։

Առաջին անգամ ամբողջ չորս ամսվա ընթացքում, ես նկատեցի անիծյալ բնակարանում ինչ-որ անսովոր իրարանցում։

Աղախինը շտապ-շտապ անցնում էր սենյակից սենյակ։ Մերթ ընդ մերթ այս կամ այն լուսամուտի առջև երևում էր բարձրահասակ տղամարդը իր մշտական մռայլ ու անշարժ դեմքով։ Իսկ Ալինան չէր երևում։

Դռների առջև կանգ առավ մի կառք։

Մի անծանոթ մարդ իջավ կառքից շտապով և մտավ Ազովսկիների բնակարանը։

Իսկ Ալինան չկար: Ես սկսեցի անհանգստանալ, այնքան արդեն սովորել էի ամեն օր տեսնել նրան և ամեն օր հիանալ նրանով ու ամեն օր օրհնել կյանքը։

Որովհետև տանտիրուհիս արդեն գիտեր ամեն բան և իմ կողմից այլևս տմարդություն ու հիմարություն կլիներ կեղծել այդ բարի ու ազնիվ կնոջ առջև, ուստի, երբ նա մտավ իմ սենյակը, իմ առաջին խոսքը եղավ.

— Պոլինա Նիկոլաևնա, ի՞նչ է պատահել Ազովսկիների բնակարանում։

— Ալինան հիվանդ է,— պատասխանեց այրին հակիրճ։

— Հիվա՜նդ,— գոչեցի ես գրեթե սարսափելով։

— Այո, արդեն երեք օր է։ Աղախինն ասաց։ Չտեսա՞ք, որ բժիշկ եկավ։ Այսօր կոնսուլիում է նշանակված։

Ահա թե ինչ։ Ալինան հիվանդ է։ Նա, իմ երազների առարկան: Եվ ես չեմ կարող ամեն րոպե, ամեն վայրկյան իմանալ նրա դրությունը։ Չեմ կարող մանավանդ տեսնել նրան։ Եվ նա չպիտի գիտենա, չպիտի զգա, թե կա մեկը, որ