Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/331

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատրաստ է իր տասնուինը տարեկան կյանքը զոհել նրա համար առանց մի վայրկյան տատանվելու և առանց որևէ ակնկալության, ինչպես մի մոլեռանդ հավատացյալ, որ խարույկն է նետվում հանուն իր հավատի։

Ես ասացի տանտիրուհուս.

— Պոլինա Նիկոլաևնա, դուք սիրո՞ւմ եք ինձ։

— Թող վկա լինի ինքն աստված։

— Պոլինա Նիկոլաևնա, ես գիտեմ, որ ձեզ հայտնի է ամեն բան։

— Հայտնի է,— արտասանեց այրին, հառաչելով։

— Գիտեմ, որ ձեզ հայտնի են իմ տանջանքները։

— Քանի-քանի անգամ այս պատերի ետևից եմ լսել ձեր դառը հեկեկանքները։ Սիրտս է մորմոքվում, տեսնելով, թե ինչպես եք չորանում ոտքի վրա։

— Այդ թողնենք, Պոլինա Նիկոլաևնա, այդ ոչինչ։ Հարցն Ալինայի մասին է։ Նրա կյանքն է թանկ ինձ համար և ոչ իմը։ Պոլինա նիկոլաևնա, մի խնդիր անեմ ձեզ, բարի եղեք կատարելու։

— Հրամայեցե՛ք։

— Գնացեք այս րոպեին Ալինայի մոտ։

— Ինշո՞ւ։

— Մի լուր բերելու ինձ համար։ Ես ուզում եմ իմանալ որքան վտանգավոր է Ալինայի հիվանդությունը, Պոլինա Նիկոլաևնա, խնդրում եմ։

— Բայց ես ծանոթ չեմ նրանց հետ։ Նրանք կարող են ինձ չընդունել: Մինչև օրս դեռ ոչ ոք ոտք չի դրել նրանք տունը։


— Ոչինչ, կարելի է։ Հարևաններ եք։ Ասացեք, թե մեզանում ընդունված է։

— Չգիտեմ, կաշխատեմ մի բան իմանալ,— ասաց տանտիրուհիս անորոշ ու դուրս գնաց։

Հինգ կառքեր իրար ետևից, կարճ ընդմիջումներով, կանգնեցին անիծյալ տան առջև: Բժիշկներն էին, երկուսը ծեր, երեքը երիտասարդ։ Այն ժամանակ ես մեծ հավատ ունեի դեպի բժշկականությունը, և յուրաքանչյուր բժիշկ ինձ համար մի տեսակ կախարդ էր ամենազոր։ Ահա ինչու, նայելով