Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/332

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այդ մարդկանց լուրջ ու հանգիստ դեմքերին, կազդուրվեցի։ Ահ, մտածեցի ես, նրանք կառողջացնեն Ալինային ինչ հիվանդություն ևս ունենա։ Նրանք կփրկեն նույնիսկ նրա հիվանդ հոգին։ Եվ ես կտեսնեմ իմ սևազգեստին առողջ թե՛ մարմնապես և թե՛ հոգեպես իր ամբողջ գեղեցկությամբ։

Խորհրդակցությունը տևեց երկա՜ր, երկար։ Սրտի ուժգին տրոփյունով էի սպասում բժիշկների դուրս գալուն, հուսալով նրանց դեմքերի արտահայտությունից գուշակել Ալինայի վիճակը։ Եվ մի վայրկյան անգամ չհեռացա իմ լուսամուտից։

Վերջապես նրանք դուրս եկան ամենքը միասին։

Բոլորի դեմքերն ուրախ էին, մանավանդ ծերունի բժիշկների։ Խոսում էին բարձր ձայնով բոլորովին ուրիշ բաների մասին և բարձր ձայնով էլ ծիծաղում։ Ահ, մտածեցի ես, այդ լավ նշան է։ Ալինայի կյանքին վտանգ չի սպառնում, այլապես այդ մարդիկ այդպես ուրախ ու զվարթ չէին դուրս գալ նրա մոտից: Հետո երբ ես ինքս բժիշկ դառձա, այո, հետո միայն հասկացա, թե մեր արհեստը նույնն է, ինչ որ քահանայի արհեստը։ Ժամանակի ընթացքում նա կոպտացնում է մեր սրտերը և դարձնում մեզ անտարբեր դեպի մահը։ Քանի՜-քանի անգամ ես իմ պացիենտների մահճակալներից հեռացել եմ ժպիտն երեսիս, տրամադրությունս անփոփոխ, այն ժամանակ իսկ, երբ զզացել եմ մահվան գարշելի հոտը։

Լուսամուտներից մեկի առջև երևաց Սրափիոն Ազովսկին։ Ոչ մի փոփոխություն նրա մշտական անշարժ դեմքի վրա, ո՛չ ուրախ, ո՛չ տխուր։ Կարծես քար էր այդ մարդը։

Երևաց աղախինը — նույնպես ոչ մի փոփոխություն։ Այս ավելի կազդուրեց ինձ։ Ահա ինչու երբ տանտիրուհիս երևաց դռների մեջ, ես ասացի.

— Դատարկ բան է. Ալինան լուրջ հիվանդ չէ։ Տեսա՞ք նրան։

— Գնացի, բայց տեսնել չկարողացա։

— Ինչո՞ւ։

— Ամաչեցի ներս մտնել։ Աղախինին հարցրի, տեղեկացա։