ԱՄԵՆԱԶՈՐԸ
Ճաշարանը, ուր նրանք զվարճանում էին, ստորերկրյա խոնավ ու կիսախավար մի նկուղ էր։ Ունևորներ էին, կարող էին մի ավելի վայելուչ տեղ գնալ, բայց վարնոց գինետան մթնոլորտը նրանց համար ավելի հաճելի էր։ Այստեղ նրանք ազատ էին իրենց ուզածի չափ գոռգոռալ և հարբելիս ատրճանակ պարպել դեպի հատակը կամ առաստաղը — մի բան, որ նրանց սիրեցյալ զվարճությունն էր և որի համար ոչ մի օրենք չէր կարողացել նրանց պատժի ենթարկել։
Խումբն արդեն կերել կշտացել էր, բայց շարունակում էր խմել ու վիճաբանել, երբեմն այնքան աղմկալի, որ խլացնում էին թառի ու քեմանի հնչյունները։
Չորս հոգի էին։ Երկուսը սպա, մեկը խմբապետ, չորրորդը անգործի մեկը, որ շռայլում էր հայրական հարստությունը անիմաստ և աննպատակ։ Սովորաբար նա էր հյուրասիրում իր ընկերներին, ուստի և վայելում էր նրանց շողոքորթ հարգանքը։
Խումբը շատ բաների մասին էր խոսել ու վիճաբանել, այժմ նորեն դարձել էր իրեն սիրած նյութին — անհատական քաջագործություններին ու հերոսություններին։ Պատմում էին իրենց կյանքից կամ տեսածներից ու լսածներից պես-պես արկածներ։ Երբեմն իրողություններով չէին բավականանում և պատկերները ներկում էին թանձր գույներով, ավելի զարհուրելի