Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/368

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դարձնելու համար։ Դա սովորական մի բան էր այդ միջավայրում, ուստի ոչ ոք չէր փորձում ստուգել որտեղ է վերջանում իրականը և ուր է սկսվում երևակայականը։ Ոմանք պատմելիս այնքան էին հափշտակվում, որ իրենք էլ էին սկսում հավատալ իրենց ասածներին, ինչպես արևելյան դերվիշներն իրենց պատմած առասպելներին։ Այս կողմից ամենից ջանասերը Լևոն Շահնազն էր, նա, որ շռայլում էր իր հայրական հարստությունը, և որն ավելի քիչ բան էր տեսել կյանքում։ Պատմելիս ու վիճաբանելիս նրա սև աչքերը պսպղում էին բոցավառ ածուխի պես և թվում էր, որ կայծեր են արձակում դիմացինի երեսին։ Իր ասածներին ուժ տալու համար նա չէր բավականանում նվիրական երդումներով ու հաճախ բռունցքները զարկում էր սեղանին ուժգին թափով։ Գինու շշերն ու բաժակները օդն էին թռչում։

— Գիտեք, պարոննե՛ր,— ասաց նա,— այն բոլորրը, որ պատմվեց այստեղ, հաստատում են իմ գաղափարի ճշմարտությունը։

— Ա՞յն է,— հարցրեց խմբապետը։

— Որ աշխարհը պատկանում է զորավորներին և որ նրանք միայն ունեն իրավունք կյանքը վայելելու։ Թույլերը ծնված են միայն օդը ապականելու համար, նրանց պետք է ոչնչացնել։

— Մա՛հ թույլերին,— աղաղակեց սպաներից մեկը,— կուրծքն ուռեցնելով իբրև զորության նշան և թրի պատյանը սեղանին զարնելով։

Մյուս սպան բաժակը լեցրեց, ոտքի ելավ և գոչեց․

— Կեցցե՛ն զորավորները, խմենք նրանց կենացը, հուռա՛․․․

— Հուռա՛,— կրկնեցին ամենքը և դատարկեցին շամպայնի բաժակը։

Երաժիշտներն ի պատիվ զորավորների նվագեցին ինչ-որ օպերետից մի ռազմական քայլերգ, նույնպես ուռեցնելով իրենց կրծքերը։ Դափ զարնողը դափը վայրենի աղաղակով զարկեց իր գլխին և պատռեց՝ երևի նույնպես իր ուժը ցույց տալու համար:

Խմբից ոչ այնքան հեռու, առանձին սեղանի քով նստած