Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/388

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իմ լսելիքը ընդունեց գեղեցկուհիներից մեկի վերջին պարբերությունը։

— Եթե մյուս խանութից գնեի, տասը ոսկի պակաս կվճարեի։

Իմ դիմաց անցնում էին երկու առույգ երիտասարդներ։

— Ախ, ինչ գեղեցիկ է գարունը, մարդկային սրտի մեջ նա սփռում է կենսական մի նոր հյութ։

— Գնանք ինձ մոտ ճաշելու,— պատասխանեց մյուս երիտասարդը,— այսօր իմ խոհարարը շոտլանդական կարկանդակ է պատրաստել։

Նայում եմ դեպի վեր։ Այնտեղ դարձյալ սլանում են արծիվները։ Եղևնիների խիտ ճյուղերի մեջ թաքնված ճնճղուկները ծլվլում են, գետի հանդարտ ընթացքը թմրեցուցիչ օդի մեջ տարածում է մի մեղմ շշուկ։ Արևի պայծառ ճառագայթները ջրի տարածության վրա գոյացնում են միլիոնավոր ադամանդներ։ Իմ բորբոքված ջղերը զգում են մի հաճոյական անդորրություն։ Կարծես ես ուզում եմ նիրհել, նիրհել բնության ծոցում հեռու մարդկային իրարանցումից, հեռու կյանքի ապկանված ալյաց շփումներից հեռու նույնիսկ իմ անձի այն տարրերից, որ երեսնամյա գոյությանս ընթացքում իմ և մարդկային արարածների մեջ հաստատել են մի անխախտելի կապանք։

Սակայն անցուդարձ անող կանանց ու մարդկանց ձայները ստեպ-ստեպ ընդհատում են անուշ նիրհս։ Որքա՜ն անախորժ են, որքա՜ն ճնշողական այդ ձայները և որքա՜ն այդ առօրյա կյանքին վերաբերող խոսքերը հակասում են շուրջս տիրող բնության ներդաշնակությանը։

Ես ականջներս փակում եմ, տարածվում եմ մեջքիս վրա դալար խոտի մեջ ու հայացքս ուղղում դեպի վեր ու վեր. որքան նա կարող է թափանցել դեպի խորքը, այնքան հեռու են իմ մտքերը։ Վերջաապես աղմուկը ընդհատվում է, տիրում է խորին լռություն, լսում եմ միայն իմ սրտի արագ բաբախման զարկերը, ուրիշ ոչինչ։ Այնինչ միտքս անընդհատ սլանում է… Կարծես այնտեղ, այն վերօդային անհուն խորության մեջ փնտրում է մի բան, որոնում է մի երևույթ, որին վաղո՜ւց-վաղո՜ւց սպասում էր։ Բայց ոչինչ, ոչինչ չի երևում, նույնիսկ միմյանց