Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/389

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շուրջը պտտվող և մրցմամբ միմյանցից բարձր սահող արծիվները, կարծես անհետանում են և չքանում։

Հանկարծ հորիզոնի վրա նշմարվում է վարդագույն ամպի մի բեկոր։ Նա անշարժ է։ Փչում է մի թեթև հողմ, բեկորը մեծանում է, նոսրանում, թափանցիկանում, սփռվում է, ծածկում երկնակամարը մի խայտաբղետ հաճոյական շղարշով։ Մի վայրկյան ևս, և շղարշի ծայրերը հետզհետե սկսվում են սեղմվել, ծալվել և եգիպտական թագուհու ձյունափայլ քղանցքի ձևերն ընդունել։ Դարձյալ մի վայրկյան, և ահա պատկերանում է մարդկային արարածի մի կերպարանք: Տեսողությունս երկնակամարի վրա որոշում է մի կին։ Ամպային շղարշի տակից երևում են պարզ-կինամոնագույն թանձր մազերը, որ սփռվում են նրա գրավիչ ուսերի վրայով դեպի ուռած կուրծքը: Նա նայում է դեպի ետ, և նույն վայրկյանին երևում է մի այր մարդ, մոտենում է նրան։ Նրանք ժպտում են միմյանց երեսին։ Երկնային զույգը հեռու է ինձանից, շատ հեռու, սակայն ես լսում եմ նրանց ձայնը։ Այո, նրանք խոսում են։

— Իմ սիրելիս,— արտասանում է կինը։ Որքան նուրբ է նրա ձայնը, քաղցրահնչուն, կարծես Բեթհովենի անմահ սոնատները նրա տկար արձագանքն են։

— Իմ սիրելի,— կրկնում է տղամարդը։

Եվ երկուսն էլ համբուրում են միմյանց։ Կինը իր գլուխը մեղմիկ թեքում է սիրեցյալի կրծքին։ Ես լսում եմ նրա սրտի բաբախման ձայնն անգամ, զգում եմ, թե նրա շնչերակները որպիսի ուժգնությամբ են զարկում։ Երկուսն էլ գրեթե միևնույն տարիքի են, միևնույն հասակի, երկուսն էլ բարեհամբույր կերպարանքով։ Երիտասարդի խաժ աչքերում վառվում է բանաստեղծական հուրը, կնոջ աչքերը բարի են, գրավիչ ու սփոփեցուցիչ։ Ոչ, ես կյանքիս ընթացքում մի այնպիսի ներդաշնակ զույգ չէի տեսել և չպիտի տեսնեմ։ Նրանց ամեն մի նայվածքը արտահայտում էր սեր, ամեն մի շարժումը՝ սիրո նշան: Ինձ թվում էր, որ նրանք իսկապես մի արարած են կազմում—բնության բախտաբեր կատակով երկուսի բաժանված։ Ես անթարթ աչքերով նայում էի նրանց և, ականջներս լարած, լսում էի նրանց փոխադարձ փաղաքշանքները։ Նախանձ չէի զգում իմ սրտում և որևէ գրգռումն։ Ես միայն հիանում էի, կարծես