Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/390

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրանց թախտի ստվերը ինձ վրա սփռելով բախտավոր էք դարձնում ինձ ևս։

— Սիրո՞ւմ ես ինձ,— կրկնում էր կինը։

— Մի արտասանիր այդ բառը։ Նա շատ ժլատ է, որպեսզի կարողանա արտահայտել իմ զգացման չափը։ Մարդիկ այդ բառը աղավաղել են։

— Ի՞նչ գործ ունենք մարդկանց հետ, մենք նրանցից հեռու ենք։ Նայիր, ահա երկրի երեսում սփռված են նրանք... Ախ, որքան չնչին են, ողորմելի։ Լինել այս մաքուր, անարատ և վսեմ բնության մի հատորը և այդչափ ընկղմվել կյանքի տիղմի մեջ... Օ՜ֆ, այդ անտանելի է...

— Եվ մենք երբեք չպիտի իջնենք նրանց շարքը։

— Օհ, երբեք... Ի՞նչ, դու կամենում ես, որ ես լինեմ այն տիկնոջ պե՞ս, նայիր, ինչպես ոգևորված գովում է իր մարդու խելքը, որովհետև այդ մարդը նրա կուրծքը զարդարել է մի ադամանդով։

— Իսկ այն տղամարդը ինչպես կատաղել է, որ ընկերը նրանից հնգի փոխարեն վեց ոսկի է պահանջել մի բրդի կտորի համար։

— Կռվեցեք,— գոչեց կինը մի ուրախ քրքիջ արձակելով, իսկ մեր հարստությունը անբաժան է, որովհետև նա փոխադարձ սերն է։

Եվ նրանք դարձյալ համբուրվեցին։

— Բայց ո՞վ է ալն խղճալին, որ մեջքի վրա խոտի մեջ պառկած դիտում է մեզ։

Ես սոսկացի այդ գոչյունից, երեսս մի կողմ դարձրի: Այո, ես խղճալի էի նրանց աչքում և երբեք ինքս ինձ այնքան դժբախտ չէի համարած, որքան նույն րոպեին։ Քնած նախանձը հանկարծ զարթնեց իմ մեջ։ Այն, ինչ որ ես որոնել էի ինձ համար կյանքի ընթացքում ու չէի գտել, վայելում էր մի ուրիշը, իմ աչքի առաջ և ինձ ծաղրում։ Ես կամեցա բողոքել, կատաղել անգամ։ Բայց բերանս չբացվեց, որ կարողանայի մի խոսք արտասանել, ես զգացի մի անբնական անդորրություն։ Իսկ նրանք ինձ չէին ծաղրում, այլ խղճում էին, անկեղծ խղճում։ Այն ժամանակ իմ կատաղությունն անցավ. ինքս ես ինձ սկսեցի